Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներին և մրցանակակիրներին

28.12.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներին և մրցանակակիրներին:
Մարզպետը, շնորհավորելով լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ ասել է.
-Ոչ մի hասարակություն, ոչ մի պետություն չի կարող հաջողել առանց կրթության և գիտության: Ցանկացած հաջողության հիմքում կրթությունը և աշխատանքն են: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր երկիրը քայլ առ քայլ անում և պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդը հաջողության հասնի բացառապես այդ 2 գործոնների շնորհիվ:
Կյանքում կարևոր չէ, թե որքան են գնահատում արարքներդ: Ինքդ քեզ համար ոչ թե պետք է վերցնես չափորոշիչ, թե որքան գնահատվեցիր, այլ պետք է սահմանես, թե որն է քո նպատակը, թե ինչի ես ուզում հասնել դու: Ցանկացած գործողության՝ օրվա դասը սովորելու, երկրի պատմությանը ծանոթանալու, գիտության որևէ ճյուղ ընտրելու և այդ ուղղությամբ մասնագետ դառնալու, ամենակարևոր սկզբունքն այդ նպատակն է: Հենց անհատից է կախված ազգի, հասարակության և պետության հաջողությունը: Մենք չենք կարող լինել հզոր պետություն, եթե ունենանք թույլ գիտություն, թույլ արդյունաբերություն, վատ մասնագետներ:
Այժմ ձեր շարքերում՝ իմ առջև, նստած են մեր ապագա գործարարը, մարզպետը, նախարարը, գիտնականը և այլ ոլորտներում բարձունքների հասնելու հնարավորություն ունեցող մարդիկ: Ձեզ ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել այն ջանքի ու աշխատասիրության համար, որ ուսումնառության ընթացքում ցուցաբերում եք դուք: Նաև շնորհակալ եմ ձեր ուսուցիչներին, դպրոցի տնօրեններին, ովքեր ձեզ առաջնորդում են ճշմարիտ արժեքներով:
Սիրելի՛ աշակերտներ, մեր երկրի պայծառ լուսաբացը բերողը հենց դուք եք, ապագան ձերն է, և ես վստահ եմ, որ ձեր գիտելիքներով, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ դուք հաջողելու եք կյանքում:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում 2 աշակերտ արժանացել են առաջին կարգի դիպլոմի՝ գրականություն և Հայոց եկեղեցու պատմություն առարկաներից, 2 աշակերտ արժանացել են երկրորդ կարգի դիպլոմի՝ անգլերեն առարկայից, 2 աշակերտ՝ երրորդ կարգի դիպլոմի՝ ռուսերեն և աշխարհագրություն առարկաներից:
Քիմիա, մաթեմատիկա, հայոց լեզու, գրականություն, ՀԵՊ առարկաներից ցուցաբերած գիտելիքների համար Արագածոտնի մարզի 7 աշակերտ էլ գովասանագրերով է պարգևատրվել:
Պարգևները հանձնելուց հետո մարզպետը զրուցել է աշակերտների հետ: Լսել է նրանց ապագայի տեսլականը, քննարկել երկրի զարգացման վերաբերյալ նրանց պատկերացումները, հետաքրքրվել, թե նրանք ինչը կցանկանային փոխել, որպեսզի ապրեն ավելի լավ երկրում:
Զրույցի ավարտին մարզպետն իր հիացմունքն է արտահայտել աշակերտների վերլուծական մտքի նկատմամբ և համոզմունք հայտնել, որ մեր երկրի ապագան ապահով ու վստահելի ձեռքերում է:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52