Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզային նշանակության ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կազմակերպմանը նվիրված խորհրդակցություն

18.12.2020

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Դմիտրի Պետրոսյանի, ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանությունն իրականացնող ընկերությունների ղեկավարների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, կայացել է մարզային նշանակության ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կազմակերպմանը նվիրված խորհրդակցություն:
Հանդիպման սկզբում մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ ձմռանը ճանապարհների անցանելիությունն ու անվտանգությունն ապահովելու հարցը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս իր մշտական ուշադրության ներքո է գտնվում:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են ձմռան պայմաններում աշխատանքին պատրաստվածության մակարդակը, քննարկվել են ոլորտային կազմակերպությունների նյութական ու տեխնիկական հագեցվածության, աշխատանքային ռեսուրսների, սպասարկման տարածքների, անհրաժեշտ վայրերում փրկարարական հենակետեր տեղակայելու և ոլորտին առնչվող այլ ընթացիկ հարցեր:
Կարևորելով բնակիչների անվտանգ երթևեկությունը` ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարներին մարզպետը հորդորել է մաքրման աշխատանքներն իրականացնել ամենայն պատասխանատվությամբ, գործադրել բոլոր ջանքերը մարզի տարածքում ճանապարհների անանցանելիության դեպքերի բացառման համար և հավելել, որ ինքն անձամբ շարունակելու է ամենօրյա հսկողություն իրականացնել մարզի տարածքում ճանապարհների պատշաճ մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքների նկատմամբ:
Ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակում հնարավոր առավելագույնն անելու և սերտորեն համագործակցելու վերաբերյալ:
Հարգելի’ վարորդներ, հաշվի առնելով, որ երթևեկության անվտանգության հարցում ոչ պակաս կարևոր է նաև ձեր վարքագիծը, խնդրում ենք տրանսպորտային միջոցը վարել բացառապես սթափ վիճակում, եղանակային պայմաններին համապատասխան, ձմեռային ժամանակաշրջանում` ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները` չվտանգելով ձեր, ձեր հարազատների և այլ անձանց կյանքն ու առողջությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52