Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արագածոտնի արծիվները»՝ առաջնագծում

05.11.2020

Հոկտեմբերի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերից, տարբեր ստորաբաժանումներից կազմավորված «Արագածոտնի արծիվներ» կամավորական վաշտը՝ մարզպետ Դավիթ Գեւորգյանի հրամանատարությամբ, մեկնեց առաջնագիծ: Նրանք նախօրոք մասնակցել են մարտական վերապատրաստման ուսումնավարժանքներին եւ հաղթողի տրամադրությամբ ուղեւորվել Արցախ:

Առաջնագծից «ՀՀ» թղթակցի հետ հեռախոսազրույցում Դավիթ Գեւորգյանն ասել է.

-Ի պատիվ մեր տղաների՝ նշեմ. թող բարձր չհնչի, բայց նրանք, բոլորն անխտիր, կարծես ծնված ու մեծացած լինեն պատերազմի դաշտում: Հենց առաջին օրերից բոլորը վարժվեցին պատերազմական օրենքներին եւ առայսօր մարտական խնդիրները կատարում են անթերի:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք տղաների ոգեւորությունը եւ այդքան արագ հմտանալը:

-Նախ, որ գրեթե բոլորը բանակում ծառայել են եւ տիրապետում են մարտական տարբեր զենքերի, երկրորդը, որ այս պատերազմը միշտ էլ սպասելի է եղել, ու մեր տղաներին հոգեբանորեն համակերպվելու իրավիճակի հետ ժամերի հարց է եղել, որովհետեւ բոլորը գիտակցում են հաղթանակի արժեքը, հաջորդը, ամենակարեւորը՝ նրանք հայրենասիրությունը, կորցրած հողի արժեքը ապուպապերով են ժառանգել, արյամբ են ժառանգել: Ավելորդ չեմ համարում նշել, որ ծանրակշիռ մասը մեր ոչ պաշտոնական հակառակորդի՝ Թուրքիայի ներկայիս տարածքում դարերով կերտված հայրենիք են թողել եւ գիտեն գաղթական բառի սահմռկեցուցիչ իմաստը: Եվ առանց չափազանցնելու ասեմ, որ նրանցից յուրաքանչուրն այստեղ առանձին-առանձին իր հայրենիքն է կերտում, իր ապագա սերնդի հայրենիքն է կերտում, որի երազանքով ապրել են իննսունականներից առաջ բազմաթիվ սերունդներ:

-Կառանձնացնե՞ք որեւէ մեկին:

-Միանշանակ՝ ոչ, բոլորը հերոսներ են: Մեր համայնքների ղեկավարները ծանրագույն առաջադրանքները, կոպիտ ասեմ, հրամանատարության ձեռքից խլխլում են: Մեկ-մեկ խաղաղ պահերին մտածում եմ՝ երեւի յուրաքանչյուրն իրեն մահապարտի կարգավիճակով է օժտել, այդ վիճակն է, որ մարդուն մղում է մահվան երախը, եւ դա է, որ հաղթում է մահին, գծում սահմանը, հռչակում խաղաղ հայացքը ներկա եւ ապագայի հայրենիքի:

-Քանի որ առաջնագծում եք, հետաքրքիր են Ձեր կանխատեսումները:

-Այլ բան, քան լիարժեք հաղթանակ, իրավունք չունենք մտածելու: Եվ առաջնորդվում ենք «պատերազմում, ինչպես պատերազմում» հայտնի սկզբունքով: Այստեղ զինվորներս ոչ մի խնդիր չունենք՝ ռազմամթերք, սնունդ, հագուստ, բոլոր խնդիրները լուծված են: Իսկ մարտական ոգին բարձր լինելու հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է ժամանակակից ռազմական տեխնիկա, ռազմամթերք ունենալու հանգամանքով: Այդ բոլորը ունենք, մարտական ոգին անհամեմատ բարձր, հաղթանակը՝ կանխորոշված: Մնում է մեր զբաղեցրած պաշտոններում աշխատենք այնպես, ինչպես մարտի դաշտում է, որովհետեւ այս ամենից հետո հայրենիք վերակերտելու խնդիր ունենք, հզոր հայրենիք, որ ցանկացած ոտնձգության դիմակայելու է իր եւ իր հզոր ուժով: Ու ամենակարեւորը՝ նվազագույն կորուստներով կերտենք մոտալուտ հաղթանակը:

Հարցազրույցը՝ Նորայր Գրիգորյանի
/«Արագածոտնի արծիվները»՝ առաջնագծում/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34