Նորություններ
Հայտարարություն ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների և դպրոցների ընտրության մրցույթի վերաբերյալ
19.10.2020

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, դպրոցականներին մասնակից դարձնել «կանաչ» տեխնոլոգիաների միջոցով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատմանը և շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարբեր համայնքների միջին և հիմնական դպրոցներում՝ 7-9-րդ դասարանի աշակերտների շրջանում։ Մրցակցային առավելությունը տրվելու է մարզային դպրոցներին։
Ծրագրի շրջանակներում՝
• Ընտրված 8 դպրոցներում նախատեսվում է «Կանաչ ջոկատ»-ի ստեղծում, որտեղ կներգրավվի մինչև 10 աշակերտ։
• Ընտրված 8 դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացներին, այնուհետև կանցկացնեն դասընթացներ իրենց դպրոցների նորաստեղծ «Կանաչ ջոկատներում» ընդգրկված դպրոցականների շրջանում, կհամակարգեն էներգաարդյունավետության բարձրացման գործնական աշխատանքները։
• «Կանաչ ջոկատների» կողմից կիրականացվի իրենց դպրոցների շենքերի էներգաօգտագործման գնահատում՝ օգտվելով տրամադրված համակարգչային ծրագրից։
• Դպրոցականների կողմից իրենց դպրոցներում իրականացված էներգաօգտագործման գնահատումների արդյունքում կընտրվի 4 դպրոց, որտեղ կիրականացվեն գնահատման արդյունքում բացահայտված և տնտեսապես հիմնավորված միջոցառումները։ Նշված աշխատանքների համար բյուջեն կազմում է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:
• Նախատեսվում է դպրոցականների անմիջական մասնակցություն դպրոցի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։
• Նախատեսվում են փորձի փոխանակման միջոցառումներ, աշակերտներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• Մարզպետարանի կամ համայնքապետարանի կողմից ուղեկցող գրություն,
• Դպրոցի պատրաստակամությունը ներգրավվել նշված ծրագրում, այդ թվում՝
- ստեղծել 7-9-րդ դասարանի աշակերտներից բաղկացած «Կանաչ ջոկատներ»,
- նշանակել պատասխանատու ֆիզիկայի ուսուցիչ, ով կունենա կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելու, իրենց դպրոցների «Կանաչ ջոկատներում» ընդգրկված դպրոցականների շրջանում դասընթացներ անցկացնելու, էներգաարդյունավետության բարձրացման պրակտիկ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում,
• դպրոցի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների քանակ, դպրոցի լուսանկարներ,
• դպրոցների էներգաօգտագործման տարեկան ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ էներգակիրների,
• դպրոցի շենքի ընդհանուր տարածքի, ջեռուցվող մակերեսի, ջեռուցման համակարգի, արտաքին պատուհանների, դռների, տանիքի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն,
• դպրոցում իրականացված էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, եթե այդպիսիք կան։
Անհրաժեշտության դեպքում կպահանջվի ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև այլ տեղեկատվություն։
Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով` wicearmenia@gmail.com հասցեին։ Հարցերի համար կարող եք զանգահարել +374 41 102221 համարով։
Դիմում-հայտերը դիտարկելիս առաջնահերթությունը կտրվի բոլոր չափորոշիչներին համապատասխանող և ամենից շուտ դիմող մասնակիցներին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30.10.2020թ.: