Նորություններ
Մարզպետ Դավիթ Գևորգյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ
14.09.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ղեկավարությամբ, մարզպետարանի կրթության, քաղաքաշինության, ֆինանսատնտեսագիտական ոլորտների պատասխանատուների, հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ այսօր կայացավ աշխատանքային խորհրդակցություն:
Հանդիպման սկզբում մարզպետ Դավիթ Գևորգյանը, շնորհավորելով ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ ասաց.
-Այս պատասխանատու գործում բոլորիս հաջողություն եմ մաղթում: Վստահ եմ, որ այս ուսումնական տարին նախորդներից էլ ավելի լավը կլինի, և կներդնեք բոլոր ջանքերը, որպեսզի ձեր ղեկավարած կրթօջախներում սովորող երեխաները հասնեն իրենց նպատակներին: Իսկ մեր նպատակը մեկն է՝ սերունդներին որակյալ կրթությամբ ապահովել, քանի որ նրանք են դառնալու լավագույն ինժեներները, գիտնականները, գործարարները, և ամեն ինչ պետք է անենք, որ նրանք չտարվեն արատավոր բարքերով ու սովորույթներով:
Անցնելով օրակարգին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը ներկայացրել է դպրոցներում կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, ուսումնական գործընթացին, հաստիքացուցակների, տարիֆիկացիոն մատյանների էլեկտրոնային գրանցմանը, դասագրքերի բաշխմանը, աշխատանքային կարգապահությանը, ռիսկային խմբում գտնվող ուսուցիչների աշխատանքների կազմակերպմանը, տրանսպորտային ծառայություններին և այլ ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր:
Անդրադառնալով հաստիքացուցակներին՝ մարզպետն ընդգծել է, դրանց լիարժեք օրինական լինելու պահանջը: Նա խիստ ընդգծել է մրցույթները բացառապես օրենսդրությանը համապատասխան կազմակերպելու, ֆինանսական միջոցները, գույքը բարեխղճորեն տնօրինելու կարևորությունը և հավելել է, որ դպրոցի կառավարման գործընթացում առաջացած ցանկացած անօրինական գործողության նկատմամբ բոլոր պատասխանատու գերատեսչությունները և անձամբ ինքը անհանդուրժող են լինելու:
Մարզպետը հավելել է, որ մասնագիտական որակների և մարդկային արժեքների հետ մեկտեղ տնօրենը նաև, բոլոր առումներով, դպրոցի կազմակերպիչը ու պատասխանատուն է: Աշխատանքների ճիշտ կազմակերպման, աշակերտների նկատմամբ հոգատարությանը և շփմանը, կոլեկտիվում առողջ մթնոլորտի ապահովմանը հետամուտ լինելու օրինակելի տնօրենների նվիրված աշխատանքը նկատվում և գնահատվում է:
Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի ավելի քան 100 հանրակրթական դպրոցում իրականացվում են տանիքների, մարզադահլիճների, սանհանգույցների, դասասենյակների, միջանցքների վերանորոգման, ջեռուցման համակարգերի կառուցման և այլ շինարարական լայնածավալ աշխատանքներ (այս մասին առանձին անդրադարձ կկատարենք):
Մարզպետը տնօրենների հետ քննարկել է շինարարական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և հորդորել է շարունակել մարզպետարանի ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությունը:
Խորհրդակցության ավարտին ծավալվել է հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվեցին ջեռուցման, վերանորոգման ծրագրում նոր աշխատանքներ ընդգրկելու, դպրոցների շենքային և գույքային պայմանների բարելավման վերաբերյալ հարցեր, որոնց մարզպետը և ոլորտային պատասխանատուները տվեցին սպառիչ պատասխաններ՝ պատրաստակամություն հայտնելով առարկայական քննարկել յուրաքանչյուր խնդիր և հնարավորինս աջակցել դրանց լուծմանը: