Նորություններ
Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ և Գեղադիր բնակավայրերում նախակրթարաններ բացվեցին
13.09.2020
Նոր ուսումնական տարվա մեկնարկը Արագածոտնի մարզում տրվեց 2 նոր նախակրթարանների բացմամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանն այսօր մասնակցել են Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ և Գեղադիր բնակավայրերի նախակրթարանների բացման արարողությանը:
Փոքրիկների նորամուտը դեպի նախակրթարան ազդարարող խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելուց հետո ներկաները շրջել են նորաբաց նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների, երեխաների ու նրանց ծնողների հետ:
«Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը:
Շնորհավորելով համայնքի բնակիչներին, մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է. «Մեր երկրում մի իրավիճակ է, երբ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գիտելիք և աշխատանք: Մեր կառավարության ջանքերն ուղղված են կրթության և աշխատանքի համար ավելի լավ պայմանների ստեղծմանը: Բոլորը՝ մայրաքաղաքից մինչև ամենահեռավոր գյուղ, պետք է լավ կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Տարածքային համաչափ զարգացման տեսլականն իրագործվում է նաև այսկերպ»:
Համապատասխան գույքով, նախադպրոցական որակյալ կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով կահավորված նախակրթարաններ կհաճախի 4-ից մինչև 6 տարեկան 39 երեխա:
Նախակրթարանները կառուցվել են դպրոցներին կից՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:
Նախարար Արայիկ Հարությունյանը և մարզպետ Դավիթ Գևորգյանը, ոլորտային մյուս պատասխանատուների ուղեկցությամբ շրջել են նաև Գեղարոտ և Գեղադիր բնակավայրերի դպրոցներում՝ քննարկելով առկա խնդիրների լուծման հնարավորությունները: