Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Պարտիզակ համայնքում 25մլն 800 հազար դրամ ընդհանուր արժեքի 2 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում
11.08.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Պարտիզակ համայնքում 25մլն 800 հազար դրամ ընդհանուր արժեքի փողոցների գիշերային լուսավորության համակարգի անցկացման և հանդիսությունների սրահի կառուցման 2 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում:
Լուսավորության համակարգի կառուցում
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Պարտիզակ համայնքում գիշերային լուսավորության համակարգ կկառուցվի: Նորակառույց 1.4կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 3 փողոցներով: Տեղադրվելու են 43 նոր սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լուսամփոփներ: Նշենք, որ Պարտիզակն առ այսօր լուսավորության ցանց չի ունեցել, և աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը գրեթե ամբողջությամբ լուսավորված կլինի: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:
Հանդիսությունների սրահի կառուցում
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Պարտիզակ համայնքում հանդիսությունների սրահ է կառուցվում: Աշխատանքներն ընթացքի մեջ են, որի ավարտից հետո համայնքի բնակիչները հնարավորություն կունենան այստեղ կազմակերպել իրենց հանդիսավոր միջոցառումներն ու սգո արարողությունները: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 30%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ն էլ կներդնի համայնքը:
Իրականացվող սուբվենցիոն ծրագրերը լավ օրինակ են, թե ինչպես են համայնքի բնակիչների վճարած հարկերից գոյացած միջոցները նպաստում տվյալ համայնքի զարգացմանը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: