Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանը և «Ռուցոգ Ինվեստ» հոլդինգի փոխնախագահ Նիկոլայ Կատաևը քննարկել են Ապարան խոշորացված համայնքում զբոսաշրջային գերժամանակակից ավան կատուցելու ներդրումային ծրագիրը

05.08.2020

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Ռուցոգ Ինվեստ» ներդրումային հոլդինգի փոխնախագահ Նիկոլայ Կատաևի հետ այսօր քննարկել է Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ընկերության ներդրումային առաջարկը:

Մարզպետին և թիրախային համայնքի պատասխանատուներին նախ ներկայացվեց ներդրումային ծրագրի հայեցակարգային տարբերակը, ըստ որի նախատեսվում է Վարդենուտ և Արագած բնակավայրերի տարածքում կառուցել գերժամանակակից զբոսաշրջային ավան, որը ներգնա և արտագնա զբոսաշրջիկներին կառաջարկի ձմեռային և ամառային տուրիզմի տարատեսակ ծառայություններ՝ սկսած դահուկային սպորտի միջազգային ստանդարտներին համապատասխանող սահուղիներից և ճոպանուղուց, վերջացրած ձիարշավարանով և լեռնային հեծանվաուղիներով:

Ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև տեղական էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի խթանումը, որի նպատակով կառուցվելու են փոքր ֆերմերային տներ, որոնք ծառայելու են նաև որպես զբոսաշրջային կացարաններ:

Նախնական գնահատականով ծրագրով նախատեսվում է ավելի քան 200մլն դոլարի ներդրում, 1112 նոր աշխատատեղի ստեղծում: Ակնկալվող զբոսաշրջային հոսքը տարեկան 219.000 այցելու է:

Ծրագրի էական դրական ազդեցությունը կտարածվի 8 բնակավայրի վրա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, կարևորելով ծրագրի դրական ազդեցությունը մարզի սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացման վրա, նշեց.

-Այս ծրագիրն իրականանալու դեպքում կլուծվի շրջակա համայնքների բնակիչների զբաղվածության հարցը, ինչը կբերի սոցիալական խնդիրների լուծման, ինչպես նաև այն էական ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա: Պատրաստ եմ ձեռնարկել իմ լիազորություններից բխող հնարավոր բոլոր քայլերը՝ ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների արագ լուծմանը առավելագույն աջակցելու համար:

«Ռուցոգ_Ինվեստ» հոլդինգի փոխնախագահ Նիկոլայ Կատաևը նշեց, որ ծրագրի իրականացման տարբեր փուլերում կարևորում է կողմերի համագործակցությունը, կարծիքների փոխանակումը և ակնկալում է մարզպետարանի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրին առնչվող ընթացիկ հարցեր, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա աշխատանքներում մարզպետարանի և համայնքապետարանի մասնագետների ներգրավման վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34