Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Ավան համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում
28.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ավան համայնքում լուսավորության համակարգ է կառուցվում:
Մինչ օրս Ավան համայնքը գիշերային լուսավորության համակարգ չի ունեցել: Սուբվենցիոն ծրագրով կառուցվող 2.1կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է 2 փողոցով, որոնք համայնքի կենտրոնական մասն են կազմում: Տեղադրվելու են 55 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: