Նորություններ
2020թ. սուբվենցիոն ծրագրով Արուճ համայնքում կկառուցվի լուսավորության ցանց
23.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կընդլայնվի Արուճ համայնքի լուսավորության համակարգը:
Կառուցվող 3կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 6 փողոցներով, տեղադրվելու են 100 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր: Աշխատանքների ավարտից հետո Արուճ համայնքը գիշերային ժամերին շուրջ 95%-ով լուսավորված կլինի:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: