Նորություններ
2020թ. սուբվենցիոն ծրագրով Ագարակավան համայնքում 2 նոր պոմպակայան կկառուցվի
14.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ագարակավան համայնքում 2 նոր պոմպակայան կկառուցվի:
Համայնքի 3 քայքայված պոմպակայանները կխոխարինվեն 2 նոր՝ հզոր պոմպակայաններով, որի արդյունքում 1 վայրկյանում նախկին 40 լիտրի փոխարեն 160 լիտր ոռոգման ջուր կմղվի: Ջրի այս քանակությունը կբավարարի համայնքի բոլոր 270 տնտեսությունների շուրջ 151հա տնամերձ այգիները և 200հա ցանքատարածությունները ոռոգելուն:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:
Գյուղացիական տնտեսություններին ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելու հարցը մեր աշխատանքային օրակարգում է:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: