Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Ալագյազ համայնքում գազի ներքին ցանց կկառուցվի
03.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ալագյազ համայնքում շուրջ 1.9 կմ երկարությամբ գազի ներքին ցանց կկառուցվի:
Նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով կառուցվել է գլխավոր գազատարը և այս ծրագիրն, ըստ էության, համայնքի գազիֆիկացման ծրագրի 2-րդ փուլն է:
Արդյունքում՝ Ավշեն, Սիփան և Ջամշլու բնակավայրերի ավելի քան 80 տնտեսության 450 բնակիչներ հնարավորություն կունենան օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքի 65%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 35%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: