Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան 9 և Տ. Մեծի 34 շենքերի էներգարդյունավետ արդիականացման աշխատանքներ կիրականացվեն
02.07.2020
Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան 9 և Տ. Մեծի 34 շենքերի էներգարդյունավետ արդիականացման աշխատանքներ կիրականացվեն:
Էներգախնայող համակարգերի ներդրմամբ կկատարվի բազմաբնակարան շենքերի արտաքին պատերի և հարթ տանիքի ամբողջական ջերմամեկուսացում, արևային էներգիայի վահանակների տեղադրում:
Արդյունքում՝ 50-60%-ով կկրճատվեն նշված 2 շենքերի 51 բնակարանների 249 բնակիչների գազի և էլեկտրականության ծախսերը: Կբարելավվի նաև շենքերի արտաքին տեսքը:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 25%-ը` Աշտարակ համայնքը, իսկ 25%-ը հատկացվելու է ՄԱԶԾ «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում:
Նշենք, որ կառուցման օրվանից մինչ օրս այս շենքերը չեն հիմնանորոգվել, ջերմամեկուսացման և էներգախնայողությանն ուղղված աշխատանքներ չեն իրականացվել:
էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրն այս տարի առաջին անգամ է իրականացվում սուբվենցիոն ծրագրի հետ համատեղ:
Գնահատելով արդյունավետությունը՝ կքննարկվի ծրագրի շարունակականության և այլ բազմաբնակարան շենքերում նմանատիպ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: