Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Ներքին Բազմաբերդ համայնքի խմելաջրի օրվա կարգավորիչ ջրամբարը
25.06.2020
Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ ընթանում են Ներքին Բազմաբերդ համայնքի խմելաջրի օրվա կարգավորիչ ջրամբարի վերանորոգման աշխատանքները:
Ծրագրով նախատեսվում է վերանորոգել խմելաջրի 300 խորանարդ մետր տարողությամբ ՕԿՋ-ն, ինչպես նաև իրականացվելու են փականների, գլխավոր ջրագիծը սնուցող խողովակաշարի մոտ 200 մետր հատվածի փոխարինման և ցանցի բարեկարգման այլ աշխատանքներ:
Արդյունքում՝ Ներքին_Բազմաբերդ համայնքի ևս 55 տնտեսության ավելի քան 200 բնակչի խմելու ջուր կմատակարարվի:
Աշխատանքների ընդհանուր արժեքի 45% կներդնի համայնքը, մնացած 55%-ը կհատկացնի ՀՀ կառավարությունը:
Արագածոտնի մարզի բոլոր համայնքները խմելաջրով ապահովելը մեզ համար շարունակում է մնալ առաջնային: Համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: