Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

21.06.2020

Շնորհավորում եմ առողջապահության համակարգի ներկայացուցիչներին Բուժաշխատողի օրվա առթիվ:

Բժշկի և բուժաշխատողի դերը անգնահատելի է մեր կյանքում:
Առողջապահության ոլորտի բարելավման հարցը մշտապես եղել է և լինելու է ամենակարևոր նպատակներից մեկը:
Մենք չափազանց կարևորում ենք որակյալ բուժսպասարկում ունենալը և այդ ուղղությամբ ձեռնարկված գործուն քայլերն այսօր արդեն ունեն իրենց նկատելի արդյունքները:

Սիրելի՛ բուժաշխատողներ, համավարակի այս օրերին դուք վերահաստատեցիք այն միտքը, որ բժիշկ լինելը ոչ միայն մասնագիտություն, այլ նաև անձնուրաց նվիրումով առաքելություն է: Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ դուք, իսկապես, ինքնամոռաց մղվել եք մարտի՝ ամիսներ շարունակ պայքարելով յուրաքանչյուր կյանքի համար:

Ձեր աշխատանքի շնորհիվ այսօր շատ ու շատ մարդիկ կարողանում են վերադառնալ իրենց բնականոն կյանքին:
Անուրանալի է, որ ձեզանից շատերը տևական ժամանակ կտրվել են ընտանիքից, երեխաներին ու ծնողներին տեսնելուց՝ հանուն մեզ, հանուն նրա, որ մենք հնարավորինս շուտ կարողանանք վայելել մեր հարազատների առողջացման բերկրանքը:

Բժշկի մասնագիտությունն ընտրած սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ նաև ձեզ: Մենք այսօր ականատես ենք լինում, թե ինչպես եք դուք ուսանողական լսարանները փոխարինել հիվանդասենյակներով և կամավորական սկզբունքներով մասնակցում եք վարակի դեմ պայքարի դժվարին ու պատասխանատու աշխատանքին:

Թանկագի՛ն բուժաշխատողներ, երախտապարտ եմ ձեր անձնվեր աշխատանքի, յուրաքանչյուր հիվանդի կյանքի ու առողջության նկատմամբ սրտացավության համար:
Մաղթում եմ առողջություն, հաջողություններ, մասնագիտական վերելք և խաղաղ աշխատանք: Երջանկություն ձեզ ու ձեր ընտանիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-13 11:05:17