Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված հարցերի քննարկմանը

15.06.2020

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ընթացը քննարկելու նպատակով այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, բնակարանային ֆոնդի կառավարման և ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հ/կ նախագահ Աշոտ Եղիազարյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:

Ներկայացվել է ՀՀ 2019 և 2020 թվականների պետական բյուջեներով հատկացված շուրջ 4.85 մլրդ դրամի հաշվին իրականացվող աշխատանքների ընթացքը, համավարակով պայմանավորված դրանք սահմանված ժամկետներում իրականացնելու հնարավորությունը, հստակեցվել են «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման աշխատանքներին առնչվող ընթացակարգային հարցեր:

Քննարկման ժամանակ կարևորվել է ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը զուգահեռ նրանց կողմից նախկինում զբաղեցված ժամանակավոր կացարանների և վթարային տների քանդման հարցը, իհարկե քանդման պահանջը չտարածելով ընտանիքներին պատկանող տնամերձ հողամասերում առկա օժանդակ շինությունների (անասնաշենք, հացատուն, խորդանոց, մարագ, ցախատուն և այլն) վրա:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են հատկապես ծրագրին շահառուների անմիջական մասնակցությունը, երբ վերջիններս ոչ միայն աջակցում են իրենց տների շինարարությանը, այլ նաև վարձատրվում դրա համար, ինչն էականորեն կմեղմի համավարակով պայմանավորված սոցիալական և տնտեսական խնդիրները:
Հանդիպման ավարտին Արմեն Ղուլարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետներին և Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին՝ շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել նաև, որ ծրագրի իրականացման մասով դրված խնդիրները կլուծվեն սահմանված ժամկետում և բարձր որակով:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը Արագածոտնի մարզպետարանին 143,3 մլն դրամ է հատկացրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 8 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար: Ընտանիքներից 5-ը Ծաղկահովիտ, 2-ը՝ Ալագյազ, 1-ը՝ Ապարան խոշորացված համայնքներից են:

Այս ծրագրով Արագածոտնի մարզում հիմքից կառուցվելու է 6 նոր տուն, 2 կիսակառույց շինություն ավարտին է հասցվելու:
20.05.2020թ. Արագածոտնի մարզպետարանի և ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն›› բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր: Այժմ ընթանում է կառուցման տիպային նախագծերի հիման վրա շինարարական թույլտվություն ստանալու գործընթացը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14