Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել է «Համակարգային տեխնոլոգիաներ գյուղատնտեսական կոոպերատիվ գյուղհամալիր» հիմնելու ծրագիրը

03.06.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Երևանի Շամպայն գինիների գործարանի» տնօրեն Հրայր Հակոբյանի հետ քննարկել է «Համակարգային տեխնոլոգիաներ գյուղատնտեսական կոոպերատիվ գյուղհամալիր» հիմնելու ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ներդրող-կառավարություն-գյուղացի ֆորմատով հիմնել ագրոհամալիր, որտեղ գործունեություն են ծավալելու ընտանեկան ֆերմերային տնտեսությունները: Գյուղացին աշխատանքի է ներգրավվելու համայնքում կառուցված գյուղատնտեսական համալիրում, որից ստանալու է շահույթ և վարձատրություն:

Նախատեսվում է կառուցել ավտոմատացված համակարգերով, կթարաններով հագեցած ժամանակակից 20 գոմեր՝ 15-ական խոշոր եղջերավոր տոհմային անասուններով: Տոհմային 1 անասունի կաթնատվությունը տարեկան կարող է հասնել 10.000-14.000 հազար լիտրի:
Արտադրված կաթը վերամշակվելու է ագրոհամալիրի պանրի արտադրամասում:
Կենդանիների բնականոն աճի և կաթնատվության մակարդակը բարձր պահելու համար նախատեսվում է անասնակերը արտադրել տեղում: Ըստ ծրագրի հեղինակների՝ հիդրոպոնիկ եղանակով հնարավոր է ամբողջ տարի կենդանիներին թարմ կերով ապահովել, իսկ ավելցուկը՝ վաճառել:
Հնարավորինս շատ ընտանիքների աշխատանքներում ներգրավելու համար տարածքում կառուցվելու են նաև ջերմատներ, հիմնվելու են ինտենսիվ այգիներ:
Ստացված արտադրանքը նախատեսվում է արտահանել: Արտահանումը կազմակերպելու են ծրագրի հեղինակները: Ստացված բերքը մինչ արտահանվելը կպահվի նույն համալիրի սառնարանային պահեստարաններում:
Թափոնների կառավարման հիմքում ևս արդյունավետ մեխանիզմներ են ներդրված: Նախատեսվում է գոմաղբն օգտագործել որպես կենսագազի արտադրության հումք:

Էներգոարդյունավետության համար տարածքում տեղադրվելու են արևային էներգիայի արտադրության պանելներ:
Ծրագրի հեղինակն ընդգծեց, որ այս ծրագրի նպատակը ՀՀ կառավարության աջակցությամբ գյուղական ընտանիքների բարեկեցության բարձրացումն է: Գաղափարը միտված է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղացու զբաղվածության և սոցիալական մի շարք հարցերի լուծմանը:

Հայաստանում գյուղական ընտանիքների բարեկեցության բարելավմանն ուղղված ծրագրին մասնակից յուրաքանչյուր ընտանիք 1 ամսվա ընթացքում 500 հազար դրամից 1.5մլն եկամուտ կարող է ստանալ, եթե պահպանի ծրագրի կանոնները:
Գործունեությունը հիմնված է լինելու եռաստիճան կառուցվածքով՝ ներդրող-ծրագրի կառավարող կազմակերպություն-գյուղացի համագործակցությամբ: Նմանատիպ 1 համալիր տնտեսությունում կներգրավվի շուրջ 50 ընտանիք, սակայն ծրագրի դրական ազդեցությունը կտարածվի շուրջ 250 ընտանիքի վրա:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախագծի նախնական տարբերակը, քննարկվել են գաղափարը ՀՀ կառավարության նպատակային աջակցության ծրագրերի, սուբսիդավորվող վարկերի միջոցով իրագործելու, շահութաբերությանը, ներդրումների ներգրավմանն, ինչպես նաև հնարավոր ռիսկերին առնչվող հարցեր:

Մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է քննարկել ծրագիրը համայնքների հետ և ներկայացնել, թե որ համայնքներում կա այն իրագործելու պոտենցիալ, նաև դիտարկել, թե որ համայնքներում կան համապատասխան հողատարածքներ:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն ծրագրի մանրամասները ոլորտային պատասխանատուների և համայնքների հետ քննարկելուց և ուսումնասիրելուց հետո առավել առարկայական քննարկում կազմակերպել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01