Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Վերջին զանգի առթիվ
22.05.2020

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի առթիվ:
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին՝ ձեզ հետ տանելով բազում գիտելիքներ, մտերիմ ընկերներ և անգին հուշեր:
Այս ուսումնական տարին արտասովոր էր: Հեշտ չէր հեռավար կրթության անցումը, սակայն ձեզանից յուրաքանչյուրի՝ գիտելիքը կարևորելու և կրթության արժեքը գիտակցելու շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել հեռավար կրթության դժվարությունները:
Սիրելի՛ դպրոցականներ, մենք կարողացանք հաջողությամբ ավարտել ուսումնական տարին շնորհիվ ձեր աշխատասիրության, մանկավարժների հետևողականության, բարձր պրոֆեսիոնալիզմի և, իհարկե, ձեր ծնողների ջանքերի:
Թանկագի՛ն շրջանավարտներ, ցանկանում եմ, որ ձեր կյանքում առաջնորդվեք վեհ արժեքներով, շարունակեք կրթվել, ընտրե՛ք ձեզ հոգեհարազատ մասնագիտություն:
Ես վստահ եմ, որ կյանքի աստիճաններով բարձրանալիս դուք երախտապարտ կլինեք ձեր ուսուցիչներին, սիրով ու ջերմությամբ կհիշեք տարիներ շարունակ նույն դասասենյակում ձեր կողքին նստած բոլոր ընկերներին:
Կրկին շնորհավորում եմ աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին խորհրդանշական օրվա առթիվ:
Բազմաթիվ հաջողություններ, նվաճումներ, երջանկություն և նպատակների իրականացում եմ մաղթում:
Բարի երթ: