Նորություններ
Արագածոտնի մարզի ևս 264 ընտանիքի տրամադրվել է պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ
18.05.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Պարետատան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցության արդյունքում՝ պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ են տրամադրվել Արագածոտնի մարզի ևս 264 ընտանիքի:
Փաթեթները հանձնվել են 75 տարեկանից բարձր թոշակառուների ընտանիքներին և Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծերին ստացված ահազանգերով հաշվառված անապահով ընտանիքներին, զինվորական ծառայության ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին:
Արագածոտնի մարզպետարանն աջակցել է շահառուների ցանկում ընդգրկված անձանց տվյալների հստակեցման հարցում:Շահառուների ընտրությունը մարզպետարանը չի կատարել:
Փաթեթները մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, սոցիալական ապահովության տարածքային գրասենյակների, համայնքապետարանների աշխատակիցների և Հայկական Կարմիր խաչի կամավորական խմբերի միջոցով հասցվել են շահառուների տներ:
Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ապրիլ-մայիս ամիսներին Արագածոտնի մարզում տրամադրվել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների 817 փաթեթ` «Իմ քայլը» հիմնադրամի (313), տեղական դոնորների (235) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (269)։