Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
09.05.2020

Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ,
Արցախյան ազատամարտի հարգելի՛ մասնակիցներ,
սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ:
Այսօր մենք տոնում են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների՝ ֆաշիզմի դեմ տարած փառավոր հաղթանակի 75-րդ տարեդարձը:
Հայրենիքը խաղաղ և անառիկ պահելու հայրենանվեր գործում իրենց ավանդն են ունեցել պատերազմի առաջնագծում կռվող տասնյակ հազարավոր հայորդիներ:
Արցախյան պատերազմում մայիսի 9-ի լուսաբացը բեկումնային էր՝ ազատագրվեց Շուշին: Հայոց հինավուրց բերդաքաղաքի ազատագրման շնորհիվ կրկին հայրենիքի խաղաղության համար կռվի ելած ինքնապաշտպանական ջոկատները կարողացան հաղթանակ տոնել Արցախյան ազատամարտում:
Այդ տարիներին կազմավորվեց Արցախի պաշտպանության բանակը:
Հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բանակներն այսօր էլ պատվով անառիկ են պահում հայրենիքի սահմանները:
Այժմ մեզ բախտ է վիճակված ապրել մայիսյան սխրանքները գործած իրական հերոսների կողքին, որոնցից ժառանգել ենք իրար սատարելու, հայրենիքի պաշտպանության սուրբ գործում մեկ բռունցք դառնալու, ուս-ուսի տված երկիրը հզորացնելու և պետք եկած ժամանակ թշնամուն իր տեղը ցույց տալու կամքն ու կարողությունը:
Ցավոք, խաղաղությունը մեզ տրվել է արյան ու կորոստի գնով: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների շիրիմների առջև, ովքեր չեն խնայել իրենց կյանքը հանուն հայրենի հող ու ջրի:
Մայիսի 9-ը մեզ համար ազգային միասնությունը խորհրդանշող փառքի ու պարծանքի օր է:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Մայիսյան եռատոնի առթիվ: Խաղաղություն թող լինի Հայոց աշխարհում: