Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է սպանդանոցներ կառուցելու մտադրություն ունեցող անձանց հետ

01.02.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է մարզում սպանդանոցներ կառուցելու մտադրություն ունեցող անձանց հետ:
Քննարկմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Գևուշ Նազարյանը և Արագածոտնի մարզի համայնքներում սպանդանոցային գործունեությամբ զբաղվել ցանկացող 26 պոտենցիալ ներդրողներ:
Հանդիպումը կրել է խորհրդատվական բնույթ: Այս ձևաչափով քննարկման նպատակն էր գնահատել նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունները, հասկանալ մարզի համայնքներում դրանց հնարավոր սփռվածությունը:
Արագածոտնի մարզում հաշվառված է շուրջ 730.000 անասուն, որի 67.000-ը խոշոր եղջերավոր կենդանիներ են, 20.000՝ խոզեր, 77.000՝ ոչխարներ և այծեր (մնացածը՝ թռչուններ):
Նախնական մոնիթորինգի արդյունքներով այս ծավալն ամբողջությամբ սպասարկելու համար մարզում նվազագույնը 13 սպանդանոցի պահանջարկ կա: Այս պահին Արագածոտնի մարզում առկա է 2 սպանդանոց՝ Ապարանում և Թալինում, ևս 11-ը կառուցելու անհրաժեշտություն է առաջացել: Աշտարակի տարածաշրջանին անհրաժեշտ է նվազագույնը 4, որոնք կսպասարկեն նաև Թալինի տարածաշրջանի 7 համայնքներ, Ապարանի և Թալինի տարածաշրջաններին 4-ական, իսկ Արագածի տարածաշրջանին՝ 3 սպանդանոցներ:
Հանդիպման ընթացքում մարզպետը թվարկել է բակային մորթի ռիսկերը և շեշտել, որ սպանդանոցներում մորթի կազմակերպումը նպատակ ունի սպառողներին մատակարարել որակյալ ու անվտանգ մսամթերք: Նա ընդգծել է, որ ծրագրի նպատակներին լիարժեք հասնելու համար ոլորտում խիստ վերահսկողություն է իրականացվելու: Հսկողությունը առավել քան խիստ է լինելու անասնաբույժ-փորձագետների գործունեության և հատկապես մսամթերքը ուղեկցող փաստաթղթերի օրինականության նկատմամբ: Իրավախախտների հանդեպ էլ կառավարությունը անզիջում է գտնվելու:
Մասնակիցներին է ներկայացվել գործունեության այս տեսակի համար անհրաժեշտ օրենսդրական բոլոր պահանջները, դրանց կատարման ժամկետները և պետական աջակցության ծրագրերը:
Մարզպետը նշել է, որ մարզպետարանը գործի է դնելու բոլոր կարողությունները մինչև սպանդանոցային պարտադիր մորթի նորմի ուժի մեջ մտնելը Արագածոտնի մարզի ողջ տարածքը սպանդանոցների անհրաժեշտ քանակով ապահովելու համար: Անասնապահների և սպանդանոցների համար ստեղծվելու են լիարժեք հնարավարություն՝ մորթը երկուստեք բարենպաստ պայմաններով իրականացնելու համար: Նա հավաստիացրել է, որ մարզպետարանը պատրաստակամ է բոլորին տրամադրել անհրաժեշտ իրավական և տեխնոլոգիական օգնություն, աջակցել սպանդանոցի վայրի ընտրության, շենք-շինությունների ձեռքբերման, փաստաթղթերի կազմման և կազմակերպչական այլ հարցերում:
Մասնակիցները բարձրացրել են հարկային պարտավորությունների, արտոնյալ պայմաններով վարկավորման, պետության կողմից տրամադրվելիք աջակցության, շինությունների նախագծման, տեխնիկական պայմանների, շուկայում մրցակցության, շարժական սպանդանոցների, ֆերմայի սեփական կարիքների համար կառուցվող սպանդանոցների աշխատանքները կազմակերպելու և ոլորտային այլ հարցեր, որոնց մարզպետ Դավիթ Գևորգյանը և ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Գևուշ Նազարյանը սպառիչ պատախաններ են տվել:
Ոլորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն / 0232-3-30-25/ և ՍԱՊՏ Արագածոտնի մարզային կենտրոն / 077-07-77-62 /:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01