Նորություններ
Մարզպետ Դավիթ Գևորգանը Բանակի օրվա առթիվ այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս
29.01.2020
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգանը Բանակի օրվա առթիվ այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս:
Մարզպետը շրջել է զորամասի մասնաշենքերում, ծանոթացել է զինծառայողների սննդակարգին, սոցիալ-կենցաղային պայմաններին:
Զորամասի հրամանատարի փոխանցմամբ՝ տարեվերջին շենքային պայմաններն են բարեկարգվել, նաև բարելավվել են համազգեստները, հատկապես զինվորական կոշիկները: Հրամանատարը իր գոհունակությունը հայտնեց նաև սննդի որակի փոփոխության և նոր սննդակարգի անցման վերաբերյալ:
Մարզպետը զինծառայողներին հաջողություններ է մաղթել հայրենիքի ծառայության գործում, և ասել. <<Հունվարի 28-ը առիթ է մեր բանակի հաջողությունները հիշելու համար, իսկ հայոց հաղթանակած բանակի զինվորին կարելի է շնորհավորել տարվա յուրաքանչյուր օր: Դուք բոլորդ մեր հերոսների՝ Նժդեհի, Անդրանիկի, Չաուշի գործի շարունակողն եք: Դուք եք ապահովում ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը: Ձեր ծառայությունից ավելի կարևոր աշխատանք չկա ու չի կարող լինել: Մեր զինվորը կա, եղել է ու միշտ լինելու է մեր երկրի ամենակարևոր մարդկանից մեկը: Մեր բանակը հզոր է, մեր բանակը կայացած է, բայց թող խաղաղություն լինի հայոց աշխարհում և կարիք չլինի մեր բանակի հզորությունը կրկին ապացուցելու>>:
Բանակի օրվա առթիվ զինծառայողների համար ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնական համերգ՝ համեմված ազգային երգ ու պարի կատարումներով: