Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչությունը ամփոփեց 2019 թվականը

21.01.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ ՀՀ ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչության կողմից 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեցին Արագածոտնի մարզի քաղաքացիական պաշտպանության պետ, մարզպետ Դավիթ Գևորգյանը և փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Դմիտրի Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով 2019 թվականի ընթացքում վարչության կողմից կատարված աշխատանքները, ներկայացնելով տարեկան վիճակագրական ցուցանիշները և դեպքերի առանձին տեսակների դինամիկան:

Հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետության բարձրացման համար մարզպետ Դավիթ Գևորգյանը կարևորեց ՏԻՄ-համայնքի բնակիչներ-ՄՓՎ համագործակցությունը:

Մարզպետը նկատեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը 2018 թվականի համեմատ նվազել է: Նա նշեց, որ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ անհրաժեշտ է վերլուծություններ իրականացնել, հասկանալու համար թե ինչով է պայմանավորված դրական տեղաշարժը՝ արագ արձագանքման, ոստիկանության ծառայության ուժեղացման թե այլ հանգամանքով, ապա շարունակել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները ցուցանիշն էլ ավելի նվազեցնելու համար:

Քննարկվել են նաև թունավորումների հետ կապված դեպքերը, որոնց կապակցությամբ զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում թունավորումների զգալի մասը կազմում են սննդային թունավորումները:
Վերջին շրջանում հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպքերի աճը հաշվի առնելով՝ մարզպետը առաջնահերթ է համարել մասնագիտական ուսումնասիրություններ կատարելը և մարզի բնակչության շրջանում իրազեկման կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ թունավորումների և դրանց հետևանքով մահացության դեպքերը այսուհետ ևս Արագածոտնի մարզում բացառելու համար:

Անդրադառնալով հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածության, կապի և ազդարարման միջոցների ապահովման, հիդրատների վերանորոգման և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի՝ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ համակարգը օր-օրի վերազինվում է: Նա նշեց, որ նախորդ տարի կառավարությունը կտրուկ բարձրացրեց հրշեջ-փրկարարների և սպայական անձնակազմի աշխատավարձը, ծառայողներին տրամադրվեցին համազգեստի ամբողջական փաթեթներ, կատարվեց տեխնիկական էական վերազինում, բացի այդ ծառայության որակը բարելավելու և ծառայողներին արժանապատիվ աշխատանքային պայմաններով ապահովելու, ՀՓՋ-ները և այլ ենթակառուցվածքները վերանորոգելու համար կառավարությունը աննախադեպ մեծ մասշտաբների ֆինանսավորում է հատկացրել ԱԻՆ-ին:

Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը առանձնացնելով մարզային փրկարարական վարչության առջև դրված խնդիրները՝ կարևորեց բնակչության պաշտպանության գործում ներգրավված անձանց մասնագիտական գիտելիքների կատարելագործումը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համագործակցությունը:

Փրկարար ծառայության տնօրենը ևս առանձնակի շեշտեց կատարված հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության կարևորությունը, որը թույլ կտա գնահատել խնդիրները և հրդեհաշիջման գործընթացն առավել կանոնակարգված իրականացնել:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ապաստարանների ճշգրիտ հաշվառման, համայնքներում հրդեհաշիջման առավել փոքր և շարժունակ գործիքների առկայության, նյութատեխնիկական ապահովման այլ միջոցներին վերաբերող մի շարք ոլորտային հարցեր:

2019 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրով են պարգևատրվել Կարբի, Օրգով, Անտառուտ համայնքների ղեկավարները և ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14