Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ

25.12.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ մարզխորհրդի տարեվերջյան նիստը:
Օրակարգի առաջին հարցը մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների ամփոփումն էր:
2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 99,2 տոկոսով: Պլանավորված 1միլիարդ 540 միլիոնի դիմաց փաստացի հավաքագրվել է 1միլիարդ 527միլիոն 400 հազար դրամ:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ հավաքագրված միջոցները ծառայելու են տվյալ համայնքի զարգացմանը: Հարկերից գոյացած յուրաքանչյուր լումա ծախսվելու է բացառապես համայնքի խնդիրները լուծելու համար:
Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կաճի՝ դառնալով 102 տոկոս: Սեփական եկամուտների աճը նախորդ տարվա նկատմամբ կլինի 260 միլիոն, որով հնարավոր կլինի համայնքներում առավել շատ սուբվենցիոն ծրագրեր իրականացնել:
Ամփոփվեցին նաև 2019 թվականին մարզի 32 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման արդյունքները:
Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում հաստատված 57 ծրագրից 49-ը կատարվել են, 6 ծրագրի իրականացումը ֆինանսական և տեխնիկական խնդիրների պատճառով կիրականացվի 2020 թվականին:
Մարզպետը հորդրորեց սուբվենցիոն ծրագրերին վերաբերվել աչալրջությամբ, կապալառու կազմակերպությունների նկատմամբ լինել խիստ հետևողական և պահանջկոտ, ընդունել միայն որակյալ և փորձաքննության դրական արդյունք գրանցած աշխատանքները:
Համայնքների ղեկավարներին զգուշացվեց, որ թերի կատարված և բացասական եզրակացության արժանացած ծրագրերը չեն ֆինանսավորվելու:
Համայնքների ղեկավարներին առաջարկվեց 2020 թվականին իրատեսական գնահատել համայնքների բյուջետային հնարավորությունները, ներկայացնել համայնքում առավել կարևոր խնդիրների լուծմանն առնչվող հայտեր՝ ծրագրերը քննարկելով համայնքի բնակիչների և մարզի ղեկավարության հետ:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր 10 հազար և ավել բնակչություն ունեցող համայնքներում ավագանու նիստերի առցանց հեռարձակումներին:
Մարզպետը նշեց, որ ավագանու նիստերի առցանց հեռարձակումը հնարավորություն է տալիս բնակիչներին իրազեկ լինել իրենց իսկ կողմից ընտրված տեղական մարմինների քննարկած հարցերին և կայացված որոշումներին:
Համայնքի ղեկավարներին հորդորվեց իրականացնել ավագանիների նիստերի առցանց հեռարձակումը՝ ապահովելով ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Մարզխորհրդի նիստում քննարկվեցին նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հարցեր:
Ամփոփելով մարզխորհրդի նիստում քննարկված հարցերը՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ տարին ավարտվում է դրական ցուցանիշներով ու ձեռքբերումներով, և հույս հայտնեց, որ 2020 թվականը բոլոր առումներով ավելի լավն է լինելու: Շնորհավորելով գործընկերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթեց առողջություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36