Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը

23.12.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը մարզպետը ողջունել է ներկաներին և ասել. « Ամփոփելով տարին, խոսելով անցնող տարվա մասին, կարող եմ ասել, որ շատ հաջողություններ ունենք, բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեին տարիների պատմություն, իրենց լուծումները ստացել են, բայց դրա հետ մեկտեղ, թերևս, մի շարք խնդիրներ մնում են չլուծված: Կուտակված խնդիրների մի մասը դեռևս չի լուծվել և ես վստահ եմ, որ 2020 թվականին այդ խնդիրների մեջքը մենք կկոտրենք: Խնդիրների առաջացումը և դրանց չլուծվելը ունեն իրենց և՛ օբյետիվ, և՛ սուբյեկտիվ պատճառները: Ես ցանկանում եմ, որ մենք մեր ուշադրությունը կետրոնացնենք հատկապես այն խնդիրների վրա, որոնք մենք կարող էինք լուծել»:
Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր կարգապահական կանոնների պահպանմանը և տնօրենների գործառույթների կատարմանը:
2019 թվականի ընթացքում մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների փաստաթղթերում, ինչպես նաև տարբեր դիմում բողոքների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ մի քանի դպրոցի տնօրենների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը ասել է, որ մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ի հայտ են եկել որոշ նախկին և ներկա տնօրենների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքեր, նման տեղեկատվություն ստացվել է նաև իրավապահ մարմինների կողմից: Մարզի ղեկավարն ասել է, որ անձամբ է հետամուտ լինելու դպրոցների կառավարման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից իրականացված իրավախախտումների բացահայտմանը, նա հանձնարարել է իրավապահ մարմինների կողմից պահանջվող փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը տրամադրել լիարժեք:
Մարզպետը մեկ անգամ ևս հորդորել է բացառել խախտման, չարաշահումների, փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքի որևէ դեպք և կրկնել է,որ միանշանակ անհանդուրժող է լինելու կրթօջախների ղեկավարների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման կամ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու նկատմամբ:
Դպրոցների տնօրենների հետ մարզային խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։
Մարզպետը հանձնարարել է դպրոցներում խստիվ պահպանել ջերմային ռեժիմը, ջերմաչափի միջոցով պարբերաբար ստուգել ջերմաստիճանը:
Դպրոցի տնօրեններին կրկին խստիվ զգուշացվել է վերացնել ազգակցական, ընտանեկան կապերի օգտագործմամբ աշխատանքի ընդունելու դեպքերը, վերանայել տարիֆիկացիոն ցուցակները, կազմել գնումների խելամիտ պլաններ, դրանցում ընդգրկել դպրոցին իրապես անհրաժեշտ իրերի և ծառայությունների ձեռքբերում:
2019 թվականի դեկտեմբերի 24-26-ը մարզի 27 դպրոցում անցկացվելու են պետական ավարտական քննություններ: Դպրոցի տնօրեններին զգուշացվել է քննությունների ընթացքում պահպանել կարգուկանոն:
Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի, դասագրքերի վարձավճարների, դպրոցական առարկայական օլիմպիադաների, կառավարման խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու գործընթացի, տնօրենի և ուսուցչի թափուր պաշտոնների մրցույթների անցկացման կարգի, դպրոցները մարզագույքով ու համակարգչային տեխնիկայով համալրելու, ֆինանսավորման նոր բանաձևի և հանրակրթության ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36