Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն Ալագյազ համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին

18.12.2019

ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր այցելել է Ալագյազ խոշորացված համայնք:
Այս տարի սուբվենցիոն ծրագրով շուրջ 75 մլն դրամ է հատկացվել Ալագյազ համայնքին: 55 մլն դրամը տրամադրվել է Սիփան, Ավշեն, Ջամշլու բնակավայրերի գազաֆիկացման ծրագրին, իսկ շուրջ 20 մլն դրամ՝ Ալագյազ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների 1կմ հատվածի ասֆալտապատմանը:
Մարզպետն այցելել է Սիփան և Ալագյազ բնակավայրեր, ծանոթացել է գազաֆիկացման և ասֆալտապատման աշխատանքներին: Ծրագրի արդյունքում այս ձմեռ ավելի քան 167 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Տեղում համոզվելով, որ աշխատանքները ամբողջությամբ կատարվել են, մարզպետը շնորհակալություն է հայտնել կապալառու կազմակերպության ներկայացուցիչներին շինարարությունը սահմանված ժամկետում և որակով կատարելու համար:
Կառավարության համաֆինանսավորմամբ Ալագյազ խոշորացված համայնքն արդեն համայնքապետարանի վերանորոգված վարչական շենք ունի: Այսուհետ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները Ալագյազում կիրականացվեն առավել համակարգված, քաղաքացիների սպասարկումը և բնակիչների մասնակցությունը ավագանու նիստերին կկազմակերպվի կանոնակարգված:
Կտրելով բացման ժապավենը՝ մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է համայնքապետարանի շենքային ու աշխատանքային պայմաններին:
Համայնքային այցելության ընթացքում մարզպետը եղավ նաև Ալագյազի միջնակարգ դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, ջերմային ռեժիմին, քննարկեց կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Դպրոցի բակում գտնվող՝ Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշաքարին կատարվեց ծաղկադրում:
Ալագյազ կատարած այցի ընթացքում բնակիչների մասնակցությամբ քննարկվել են նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2020 թվականի ծրագրերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51