Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզ այցելած ԲՀ Ստարա Զագորա մարզի պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀՏԿԵ նախարարությունում

15.11.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ԲՀ Ստարա Զագորայի նահանգապետ Գերգանա Միկովան և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր հանդիպել են նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին՝ քննարկելու Արագածոտնի և Ստարա Զագորայի մարզերի համագործակցության հնարավորությունները:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ Բուլղարիայից առաջին անգամ է նահանգապետ այցելել Հայաստան և ավելացրել, որ նախորդ երկու օրերի ընթացքում հասցրել են շրջել Արագածոտնում, քննարկել երկու մարզերի առևտրատնտեսական կապերի ստեղծման, զբոսաշրջության, ներդրումների ներգրավմանն առնչվող մի շարք հարցեր: Նահանգապետին է ներկայացվել Արագածոտնի մարզում արտադրվող գինին, շոկոլադը, այցելել են մի շարք ձեռնարկություններ, հանդիպել գործարարների հետ, իսկ փոխադարձ այցելությամբ արդեն առավել գործնական և փաստաթղթային պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Վաչե Տերտերյանը կարևորել է Բուլղարիայի հետ համագործակցությունը թե պետական, թե միջտարածաշրջանային մակարդակներում՝ ընդգծելով, որ վերջինիս համար հիմք է հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմական և մշակութային ընդհանրությունները: Տերտերյանը հույս է հայտնել, որ այցը մեկնարկ կհանդիսանա հետագա արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել է, որ նախարարությունն իր հերթին բոլոր ջանքերը կգործադրի այն միջտարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ դարձնելու ուղղությամբ:
Ստարա Զագորայի նահանգապետ Գերգանա Միկովան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հետաքրքրված են Արագածոտնի հետ գործակցության հեռանկարով՝ հույս հայտնելով, որ հայկական պատվիրակության փոխադարձ այցով զարկ կտրվեն երկու մարզերի միջև համագործակցության ակտիվացմանը:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: ՏԿԵ փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար ուսանելի կարող է լինել եվրոպական կառույցներին ինտեգրման Բուլղարիայի փորձը: Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում սերտ կապերի հաստատումը։ Կարևորվել է ինչպես գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղղակի կապերի ստեղծումը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների ստեղծումը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցությանը սկիզբ է դրվել 2004 թվականին: Ներկայումս համագործակցում են Երևան – Սոֆիա, Գյումրի – Պլովդիվ, Հրազդան – Սիլիստրա, Էջմիածին – Վելիկո Տրնովո համայնքները, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Բուլղարիայի Պլովդիվ մարզերը ։ Երեկ ստորագրված հուշագրով այս շարքը համալրել են Արագածոտնի և Ստարա Զագորայի մարզերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17