Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստարա Զագորայի պատվիրակությունն այցելեց Արագածոտնի մարզի արտադրական ձեռնարկություններ

14.11.2019

Բուլղարիայի Ստարա Զագորայի նահանգապետի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակում մարզպետ Դավիթ Գևորգյանը և նահանգապետ Գերգանա Միկովան քննարկել են երկու մարզերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր, որոնցից մեկն էլ Արագածոտնի մարզի լավագույն արտադրանքը բուլղարական շուկա արտահանելն է:
Արագածոտնի մարզի արտադրանքի որակական հատկանիշներին տեղում ծանոթանալու և գործարարներին հանդիպելու նպատակով այց է կատարվել մարզի մի շարք ձեռնարկություններ:
«Գուրմէ Դուրմէ» շոկոլադի գործարանում նախ ներկայացվեց շոկոլադի ծագման պատմությունը, ապա՝ դրա պատրաստման գործընթացը: Աշտարակում արտադրվող թարմ շոկոլադը բավականին դուր եկավ նահանգապետ Միկովային: Համտեսելուն պես նա նշեց, որ Բուլղարիայում ևս կցանկանա տեսնել «Գուրմէ Դուրմէ»-ի արտադրանքը և իր հետ նաև վերցրեց նմուշներ՝ հայրենակիցներին ներկայացնելու համար:
Արագածոտնի մարզը գինու արտադրության և տուրիզմի ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունի: «Արմենիա Վայն» գինու գործարանում կատարած շրջայցի ընթացքում նահանգապետին է ներկայացվել հայկական գինին, դրա պատրաստման եղանակներն ու արտադրատեսականին: Մարզերի ղեկավարները զրուցել են գնային քաղաքականության մասին, ապա ձեռնարկության արտահանման պատասխանատուների մասնակցությամբ քննարկել են գինու արտահանումը կազմակերպելու հետ կապված հարցեր:
Այցելեցին նաև Կարբի համայնքում գտնվող խնձորի և ծիրանի ինտենսիվ այգիներ: 34 հա այգիներն ամբողջությամբ պաշտպանված են հակակարկտային ցանցերով, ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով: 7 հա տարածք զբաղեցնում են եվրոպական սորտի ծիրանի այգիները: Բերքի զգալի մասն արտահանվում է: Տեսակավորումն իրականացվում է գերժամանակակից լուսային տեսակավորման հոսքագծով: Այն հնարավորություն է տալիս ավտոմատացված եղանակով բերքը տեսակավոր ըստ քաշի, գույնի, չափի ու վնասվածքների աստիճանի։
Նահանգապետը նշեց, որ այգիների մշակման այս ձևն իր համար բացահայտում էր: Նա նշեց, որ պատրաստակամ է աջակցել բերքի իրացումը Բուլղարիայում՝ մասնավորապես Ստարա Զագորայում կազմակերպելուն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36