Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուլղարիայի Հանրապետության Ստարա Զագորա մարզի պատվիրակության այցը ՀՀ Արագածոտնի մարզ

13.11.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ստարա Զագորա մարզի պատվիրակությանը, որի կազմում էին Ստարա Զագորայի նահանգապետ Գերգանա Միկովան և նահանգապետի տեղակալ Դիմիտր Դրաչեվը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը կարևորել է ՀՀ Արագածոտնի և ԲՀ Ստարա Զագորայի մարզերի միջև համագործակցության մեկնարկը:
-Մեր ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն, և տարբեր ժամանակաշրջաններում մեր պատմության ճանապարհները հատվել են: Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության եզրեր կգտնենք,-ասել է մարզպետը:
Ստարա Զագորայի նահանգապետ Գերգանա Միկովան ևս կարևորել է այս հանդիպումը և նշել է, որ ուրախ է Արագածոտնի մարզում գտնվելու համար:
-Ստարա Զագորայում շատ հայեր են ապրում: Կարծում եմ դա ևս մեկ պատճառ է համագործակցության համար,- ասել է նահանգապետ Միկովան և հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում գործակցությունը կհաջողվի և սա կլինի իր առաջին, բայց ոչ վերջին այցը Արագածոտնի մարզ:
Կողմերը քննարկել են կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներին, գինու և կոնյակի արտադրությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում կարևորվել է ներդրումային միջավայրի ձևավորումը, ինչը թույլ կտա զարգացնել զբոսաշրջության տարբեր ճյուղերը՝ հատկապես ձմեռային տուրիզմը Հայաստանում, իսկ ամառայինը՝ Բուլղարիայում:
Քննարկվել են նաև պետական կառավարման համակարգի ընդհանրությունները, երկու մարզերում առկա միատեսակ կառույցների գործունեության, կառավարման ձևի և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Ստարա Զագորայի մարզի պատվիրակության՝ Արագածոտնի մարզ կատարած եռօրյա այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել հուշագիր, որով հիմք կդրվի արդյունավետ համագործակցության և գործնականում կամրապնդի կողմերի հարաբերությունները: Հուշագրում ամրագրված դրույթները կներկայացնենք հետագա հրապարակումներում:
Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան փոխանցմամբ՝ առաջին անգամ է, որ Բուլղարիայի նահանգապետ է այցելել Հայաստան:
Պաշտոնական ընդունելությունից հետո մարզպետ Դավիթ Գևորգյանը Ստարա Զագորայի պատվիրակության հետ շրջայց է կատարել Արագածոտնի մարզում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14