Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Արագածոտնի մարզում փոխանցվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը

11.11.2019

Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր կայացավ Արագածոտնի մարզում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը ՀՀ կառավարությանը հանձնելու պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՌԴ ֆինանսների նախարարության, «Ճյուղային սննդի ինստիտուտի», «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Միջոցառման պաշտոնական մասում մարզպետը ողջունել է մարզ այցելած հյուրերին, շնորհակալություն է հայտնել ծրագրի աջակիցներին, խոսել է Արագածոտնի մարզում ծրագրի արդյունքների մասին: Նախարար Արայիկ Հարությունյանը և նախաձեռնության հեղինակները ներկայացրել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի անցած ուղին և զարգացման հեռանկարները: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկվել են Արագածոտնի մարզի բոլոր 117 դպրոցները, որտեղ հաճախում են 1-4-րդ դասարանների, ինչպես նաև դպրոցներին կից նախակրթարանների ավելի քան 7514 սաներ: 101 դպրոցի շուրջ 7000 աշակետ կստանա ամենօրյա տաք սնունդ, իսկ 16 դպրոցի 576 աշակերտ՝ չոր սնունդ: Թե ինչ ճաշացուցակ կունենան աշակերտները՝ թողնված է դպրոցի տնօրինությանն ու խոհարարների հայեցողությանը, սակայն սննդի օրաբաժնի, էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի որակի նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը այցելեցին դպրոցի այգում ՄԱԿ-ի ՊՀԾ շրջանակներում կառուցվող ջերմոց, որտեղ ինչպես ավանդական, այնպես էլ հիդրոպոնիկ պայմաններում աճեցվելու են գյուղատնտեսական մթերքներ: Արտադրանքն իրացվելու է տեղում՝ օգտագործվելով դպրոցի աշակերտների համար պատրաստվող ճաշատեսակներում: Ջերմոցի կառուցումն ունի նաև կրթական բաղադրիչ: Երեխաները մասնակից կդառնան գյուղատնտեսական աշխատանքներին, կսովորեն բույսերի ճիշտ մշակումը: Ծրագիրը պիլոտային է, ջերմոցը դեռևս միակն է Հայաստանի դպրոցներում: Հաջողված փորձի դեպքում նախատեսվում է այլ կրթօջախներին կից ևս հիմնել նմանատիպ ջերմոցներ: Ներկաները շրջեցին դպրոցի վերանորոգված և սարքավորումներով հագեցված խոհանոցում, ծանոթացան պայմաններին և ճաշեցին դպրոցականների հետ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01