Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ
10.11.2019

Հարգելի՛ համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, տեղական ինքնակառավարման ոլորտի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:
Հայաստանում տեղական ինքակառավարման համակարգը ձևավորվել է 1996 թվականին՝ գերնպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մասնակից դարձնել իր բնակավայրի կառավարմանը, լսելի դարձնել ժողովրդի ձայնն ու կամքը:
Արժևորելով ՏԻՄ-երի 23-ամյա գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումները, միաժամանակ բախվելով նախկինում եղած բացթողումների առաջացրած խնդիրներին՝ մեր կառավարությունն իշխանության եկած առաջին իսկ օրվանից իր ռազմավարության հիմքում դրել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ժողովրդավարական սկզբունքներով տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը:
Կա մի անհերքելի ճշմարտություն. ուժեղ համայնքները հզոր պետություն ունենալու երաշխիքն են:
Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ, այժմ առավել քան երբևէ, համայնքներին տրված է ինքնակառավարման, սեփական որոշումների կայացման իրավունքը ամենալայն իմաստով իրացնելու հնարավորությունը, իսկ խնդիրների բացահայտմանը և լուծմանը ժողովուրդն այսօր կարող է մասնակցել անարգել:
Կրկին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման համակարգի բոլոր աշխատակիցներին: Վստահ եմ, որ համայնք-պետություն համագործակցությամբ՝ քայլ առ քայլ, ըստ առաջնահերթության, լուծելու ենք համայնքներում առկա բոլոր խնդիրները և տեսանելի ապագայում ունենալու ենք բարեկեցիկ համայնքներ, դրանով իսկ պայմանավորված՝ հզոր և հուսալի պետություն: