Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

28.10.2019

Այսօր կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Արագածոտնի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Դավիթ Գևորգյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են մարզում համընդհանուր ներառական կրթության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ներկայացվել է գործընթացում առաջացած խնդիրների վերաբերյալ վերլուծություն:
2019-2020 ուսումնական տարում ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններն ընդգրկվել են համընդհանուր ներառական կրթության մեջ:
Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցի 40 աշակերտից 26-ը կրթությունը շարունակում է Արագածոտնի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում, մյուսները՝ մայրաքաղաքում և այլ մարզերում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 91 վկայագրված երեխայի համար մարզի 27 դպրոցում իրականացվում է ներառական կրթություն, 5 աշակերտի համար՝ տնային ուսուցում: Դպրոցները համալրվել են հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի և այլ անհաժեշտ հաստիքներով:
Որպես առաջնահերթ խնդիր քննարկվել է կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող մանկավարժների վերապատրաստման հարցը: Մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ վերապատրաստման ժամանակացույցը պետք է կազմել այնպես, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա մեկնարկը բոլոր անհրաժեշտ մասնագետները լինեն վերապատրաստված:
Ոլորտային պատասխանատուներին մարզպետը հանձնարարել է դպրոցներում շարունակել իրականացնել շենքային պայմանների մոնիթորինգ և ներկայացնել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ թեքահարթակների, հարմարեցված դռների, սանհանգույցների և անհրաժեշտ այլ պայմանների վերաբերյալ:
Մարզպետը կրկին հորդորել է բացառել երեխաների կրթությունից դուրս մնալու դեպքերը, իսկ վկայագրումից խուսափող ծնողների հետ տանել անհատական բացատրական աշխատանքներ:
Ամփոփվել է նաև Արագածոտնի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու համար տարվող աշխատանքների ընթացքը: Քննարկվել են այս ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը, անդրադարձ է կատարվել դրանց ազդեցության արդյունավետության բարձրացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17