Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը

13.10.2019

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և մարզի գործարարների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը, անդրադառնալով բիզնես ոլորտին, նշել է, որ մեր երկրում պետք է փոքր, միջին և խոշոր բիզնեսի վերաբերյալ ճիշտ ախտորոշում անել: «Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա: Պետք է խոստովանենք, որ խոշոր բիզնես ասելով՝ մինչև հիմա Հայաստանում հասկանում ենք վատ բան, սակայն իրականում այդ փոփոխությունը հիմա տեղի է ունենում, մարդիկ սկսում են հասկանալ, որ այն այդքան էլ վատ բան չէ: Խոշոր բիզնեսը պետք է կատարի առաջնորդող դեր: Ցավոք, մինչև հիմա փոքր և միջին բիզնեսի մասին խոսում ենք «յոլա գնալու» տրամաբանությամբ, սակայն փոքրը նրա համար է, որ դառնա միջին, միջինը` խոշոր, իսկ վերջինս՝ գլոբալ բիզնես: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կամաց-կամաց հանրությունը խոշորին չընկալի որպես գիշատիչ մի բան, որը հոշոտում է ամեն ինչ: Փոքր և միջին բիզնեսին պետք է կարողանանք պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ պետք է խոշորի հնարավորությունները սահմանափակենք»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում տեսնում ենք նոր սերնդի գործարարների, և հանրությունը պետք է նրանց ընկալի որպես գործող ամենակարևոր անձերի: «Երբ ասում ենք թոշակ, զինվորի կարիքների լուծում, կրթություն, ապա այդ կարիքները բավարարվում են գործարարների հարկերից, հետևաբար վերջինս պետք է զգա ոչ միայն կառավարության, այլև հանրության վերաբերմունքը»,- նշել է վարչապետը:
Ի պատասխան գործարարներից մեկի հարցին` Նիկոլ Փաշինյանը խոսել է հողային ռեֆորմի մասին: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ բարեփոխումը և հավելել, որ այժմ գործադիրն աշխատում է այդ ուղղությամբ: «Մեր գյուղատնտեսության կառուցվածքը չի սպասարկում ազգային և պետական ձգտումները, որովհետև գյուղատնտեսություն ասելով՝ մենք շարունակում ենք հասկանալ, որ մարդը պետք է չարչարվի և ոչ մի արդյունք չստանա դրա դիմաց: Մեր խնդիրն է արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, և դա առանց հողային ռեֆորմի հնարավոր չէ»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով ենթակառուցվածքների մասին, անհրաժեշտ է համարել, որպեսզի կոնկրետ ներդրումային ծրագրերի դեպքում պետությունը ստանձնի տվյալ ներդրումային օբյեկտ տանող ավտոճանապարհի կառուցման պատասխանատվությունը: Վարչապետը նշել է, որ գալիք տարվա պետական բյուջեի մեջ այդ սկզբունքը պետք է ներառվի: «Դա կլինի նաև մեր վերաբերմունքի արտահայտումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով բիզնեսի «խաղի կանոնների» մասին` վարչապետը նկատել է, որ շատերն ասում են, թե դրանք պարզ չեն: «Ցանկանում եմ նշել, որ խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին և՛ պետական և՛ ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան և ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող և թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու և գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»,- ասել է վարչապետը` անդրադառնալով խաղողի մթերման գործընթացում գործարանի և գյուղացու հարաբերություններին:
Անդրադառնալով նաև էլեկտրաէներգիայի մատակարարումների գործընթացում առկա խնդիրներին` վարչապետը ներկաներին է փոխանցել ՀԷՑ-ի սեփականատիրոջ խոսքերը, որ 2020 թվականին ոլորտում նախատեսվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիր:
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային ժողովի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակիրճ ամփոփել է միջոցառումը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Booking.com-ի կողմից Հայաստանը 2020 թվականի համար ընդգրկվել է զբոսաշրջային գրավիչ ուղղությունների առաջին տասնյակում:
«Շնորհակալ եմ բոլորին, աշխույժ և լավ միջոցառում ստացվեց: Նման քննարկումները կարևոր են: Ճիշտ է, համաժողովներն անցկացվում են մարզերում, սակայն դրանք տեղային նշանակություն չունեն: Քննարկվող հարցերը կապված են ամբողջ հանրապետության հետ: Այսօր հասկացանք, որ Արագածոտնում տնտեսական մեծ ներուժ կա և ուրախ ենք տեսնել, որ կան մարդիկ, որոնք լի են այն իրացնելու էներգիայով»,- նշել է վարչապետը:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արմենիա վայն» գինու գործարանում, ծանոթացել խաղողի մթերման պրոցեսին, գինու արտադրության գործընթացին և ընկերության առաջիկա ներդրումային ծրագրերին:


Աղբյուրը՝ https://www.primeminister.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34