Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի նիստ

05.09.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ մարզխորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ Արագածոտնի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Դավիթ Գևորգյանը։
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին համայնքների ղեկավարները, մարզպետարանի, մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավար կազմը, ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Օրակարգային առաջին հարցի շրջանակներում ներկայացվել է Արագածոտնի մարզում 2019 թվականի ութ ամիսների ընթացքում համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, առանձնացվել են հավաքագրման պլանային ցուցանիշից էական բացասական և դրական շեղում ունեցող համայնքները:
2019 թվականի ծրագրով նախատեսված է սեփական եկամուտների 1մլրդ 524 մլն դրամի հավաքագրում, որը 80 միլիոն դրամով ավել է նախորդ տարվա պլանավորվածից: 2019 թվականի ութ ամիսների ընթացքում հավաքագրված սեփական եկամուտները կազմել են 933մլն 700 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 182 միլիոն դրամով:
Մարզպետը կարևորեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը որպես համայնքի ղեկավարի պարտադիր լիազորության կատարում և նշեց, որ համայնքների ղեկավարները պետք է հետամուտ լինեն համայնքային բյուջեի կատարմանը և ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ եկամուտների հավաքագրումն ամբողջ ծավալով ապահովելու ուղղությամբ՝ բացառելով քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից արտոնյալ կարգավիճակում հայտնվելու դեպքերը։
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր 10 հազար և ավել բնակչություն ունեցող համայնքներում ավագանու նիստերի առցանց հեռարձակումներին: Հարցի քննարկման ընթացքում համայնքի ղեկավարներին հորդորվեց ապահովել ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը, համայնքի բնակչության մասնակցությունը համայնքի կառավարմանը:
Ամփոփվեցին նաև համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացի արդյունքները:
2019 թվականի Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի 32 համայնքում իրականացվում է 56 ծրագիր, ևս 1 ծրագիր գտնվում է փաստաթղթերի լրամշակման փուլում:
Համայնքի ղեկավարներին առաջարկվեց միջոցներ ձեռնարկել 2019 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մինչև սույն թվականի բյուջետային տարվա վերջ ավարտելու ուղղությամբ:
Վերջիններիս տեղեկացվեց, որ կատարվող աշխատանքների որակի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կատարված անորակ աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում չի տրամադրվելու։

Մարզխորհրդի նիստում քննարկվեցին անասնագլխաքանակի, գյուղատնտեսական մշակաբույսերի, ոռոգման ջրի և գյուղատնտեսության ոլորտի այլ հարցեր:
Հնչեցին համայնքներում զինապարտների գրանցամատյանների վարման, աշխատող պահեստազորայինների և զորակոչային տարիքի պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց ցուցակների վերաբերյալ հայտարարություններ:
Մարզպետը խստիվ հորդորել է համայնքների ղեկավարներին զորահավաքին վերաբերող հարցերի նկատմամբ դրսևորել առավելագույն աչալրջություն:
Անդրադարձ է կատարվել մարզի տարածքում հրդեհների կանխարգելման աշխատանքներին:
Մարզպետը նշել է, որ հրդեհների վտանգավոր շրջանը դեռևս չի անցել, և անհրաժեշտ է, որպեսզի համայնքի ղեկավարները և բնակիչները համագործակցեն փրկարար ծառայության հետ՝ վայրկյան առաջ հրդեհաշիջում կատարելու, հետագա բարդություններից և կորուստներից խուսափելու համար:
Մարզպետը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաև գրագրությունները պատշաճ կազմակերպելու, ուղարկվող փաստաթղթերի, հարցումների պատասխանները մարզպետարան ճշգրիտ և ժամանակին ներկայացնելու խնդրին:
Նիստի ավարտին հնչեց հարցուպատասխան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01