Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին

28.06.2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանին և տեսչական մարմնի աշխատակիցներին:

Հանդիպման հիմնական օրակարգային հարցը միջպետական ճանապարհների հարակից կիսակառույց, անավարտ շինությունների և դրանց օրինականության ապահովման համար առկա իրավական խնդիրների քննարկումն էր: Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը և մասնագիտական կարծիքը ապօրինի շինարարության կանխարգելման և առկա շինությունները օրինական դաշտ բերելու ուղղությամբ տարվող պետական քաղաքականության մասին:

Մարզպետը նշել է, որ կարևորում է, նախքան ինքնակամ շինությունների նկատմամբ մեծ չափերի տուգանքներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը, հնարավորություն տալ սեփականատերերին որոշակի պայմաններով օրինականացնել իրենց անշարժ գույքը: Նա նշել է, որ տուգանքների կիրառումը, հատկապես գյուղական բնակավայրերում կառուցված բնակելի տների դեպքում, կարող է սոցիալական խնդրի առաջ կանգնեցնել բնակիչներին և առաջացնել դժգոհություն:

Այս հարցի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն ինտենսիվ աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ ինչպես տվյալ պահին համայնքում առկա ապօրինի կառույցների տվյալները ճշգրիտ և ամբողջական տրամադրելու, այնպես էլ այսուհետ համայնքում շինարարական գործողությունները բացառապես օրինական հիմքերով իրականացնելու նկատմամբ խիստ հետևողական մոտեցում ցուցաբերելու համար:

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակներում որպես առաջնային խնդիր առանձնացվել է կանոնակարգված ուղևորափոխադրման ապահովումը՝ բացառելով հասարակական տրանսպորտի սպասարկման երթուղում օրինական հիմունքներով չընդգրկված տրանսպորտային միջոցներով բնակիչների տեղափոխումը:

Քննարկվել են նաև ուղևորափոխադրման համակարգից դուրս մնացած բնակավայրերին, բնակավայրը մարզկենտրոնին կապող հասարակական տրանսպորտի և միասնական ուղևորափոխադրման ցանցի բացակայությանը, ուսանողական տրանսպորտին, էքսպրեսս ուղևորափոխադրումների չվացուցակում փոփոխություններ կատարելու և դրանք բնակիչների համար առավել հարմարավետ դարձնելուն առնչվող հարցեր:

Առանձին անդրադարձ է կատարվել Փարպի-Բազմաղբյուր-Ղազարավան-Երևան և Արագածավան-Երևան կաթվածահար եղած երթուղիների խնդրին: Մարզպետը նշել է, տնտեսվարողի ոչ պատշաճ սպասարկման պատճառով բնակիչները, հատկապես ուսանողները, հայտնվել են անելանելի դրության մեջ: Նա առաջարկել է ոչ իրավաչափ գործողությունների համար տնտեսվարողի նկատմամբ տույժի կիրառման՝ ընդհուպ հավաստագրից զրկելու միջոցով կարգավորել խնդիրը: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել խնդրին միջանկյալ լուծում տալու և բնակիչներին այլընտրանքային տրանսպորտով ապահովելու համար:

Քննարկվել են նաև սուբվենցիոն ծրագրերի կատարման նկատմամբ համատեղ վերահսկողության ապահովման, ուսումնասիրությունների իրականացման, տեղեկատվության փոխանակման, քաղաքաշինությանը, տրանսպորտին և տեսչական մարմնի համակարգման տիրույթում գտնվող այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14