Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը՝ մարզի խնդիրների և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին

13.06.2019

- Պարոն Գեւորգյան, եթե խոսենք մարզի խնդիրներից, որո՞նք են դրանք:
- Առաջնահերթ 2 խնդիր կարող եմ նշել՝ ենթակառուցվածքների զարգացումը եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: Այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ տարվել են եւ շարունակում ենք տանել: Դա անդադար պրոցես է:


- Պարոն մարզպետ, մարզի մի շարք համայնքներ շարունակում են մնալ առանց կապույտ վառելիքի, ի՞նչ քայլեր են տարվում՝ այս խնդիրը լուծելու համար:
- Գազաֆիկացման հետ կապված մոտեցումը սա է՝ Արագածի շրջանում, որը հիմա Ծաղկահովիտ խոշորացված համայնք է կոչվում, կան բազմաթիվ գյուղեր, որտեղ զարգացած է անասնապահությունը, ինչի հետ կապված էլ շատ ընտանիքներ բնակարանները աթարով են տաքացնում, եւ փորձը ցույց է տալիս, որ մի շարք բնակավայրեր գազաֆիկացնելը անարդյունավետ կլինի, քանի որ նախ ներդրված ու ծախսված գումարը չի վերադարձվի, եւ հետո՝ մեծ ծավալի գազ չի սպառվի: Պետք է նոր մոտեցումներ առաջ բերել՝ արեւային պանելներ, միանշանակ նոր մոտեցումներ են պետք, քանի որ գազաֆիկացումը խնդրի լուծում չլինի:


- Պարոն մարզպետ, մարզում խնդիր է նաեւ խմելու ջրի հարցը:
- Խմելու ջրի հետ կապված արդեն ասացի, որ ենթակառուցվածքների զարգացման խնդիր ունենք, որի մեջ մտնում է նաեւ խմելու ջուրը: Չեմ ուզում առաջ ընկնել այս պահին, բայց մենք բավականին մեծ ծրագրեր ունենք, թե՛ սուբվենցիոն ծրագրերով ու թե, այլ ներդրումային ծրագրերով կփորձենք խնդիրներին լուծում տալ:


- Պարոն մարզպետ, Արագածոտնի մարզը գյուղատնտեսության ոլորտում, հատկապես հողագործության ու այգեգործության, լուրջ պոտենցիալ ունի, բայց միեւնույն ժամանակ խնդիր է ոռոգման ջուրը ու մթերման հարցը:
- Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, օրինակ, ավելի շատ զարգացած է անասնապահությունը: Եթե Աշտարակի շրջանում զարգացած է հիմնականում այգեգործությունը, ապա Թալինի, Ապարանի եւ Արագածի շրջաններում զարգացած է անասնապահությունը: Ամեն մի թեւում գյուղատնտեսության կոնկրետ ճյուղը զարգացնելու համար կոնկրետ քայլեր պետք է արվեն: Մենք մարզում ջրի մեծ պաշարներ ունենք, ունենք Արագած լեռ, որտեղ բավականին շատ ձյուն է կուտակվում, հետո հալչում, ու այդ ձնհալի ջրերը գնում են հարեւան երկրներ: Մենք խնդիր ունենք նոր ջրամբարների ու արհեստական լճերի կառուցման եւ ջրի ամբարման: Մասնավորապես Արագածի շրջանում մենք բնական հարմար տեղ ունենք, որտեղ արհեստական լիճ կառուցելու դեպքում կսնվեն 20-ից ավելի համայնքների այգիներ:


- Իսկ ի՞նչ կոնկրետ քայլեր են տարվում այդ ուղղությամբ:
- Ուսումնասիրություններ ենք անում, ուսումնասիրում ենք նաեւ ԽՍՀՄ տարիների փորձը: Վերջնական պատկերն ունենալուց հետո ըստ առաջնահերթության կսկսենք շինարարական աշխատանքները:

Աղբյուրը՝armtimes.com/hy/article/163502?fbclid=IwAR3VfxdLreu8lNS7UURpaBNZWwTcqif5_yPr0Q82hca3zF2PwLk2r3zr07o

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01