Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերի 101 ամյակի առթիվ

28.05.2019

Շնորհավորում եմ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով սրբագրվել են մեր պատմության փառավոր էջերը: Այս հաղթանակներն աշխարհի քարտեզի վրա մեզ ճանաչելի են դարձրել որպես անկախ պետություն, պարգևել են այլ ազգերի հետ համընթաց քայլելու, սեփական կամքն արտահայտելու հնարավորություն:
Հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսի 28-ին քաղաքական անկախության հայտ ներկայացնելով՝ հիմք դրեց անկախ պետականությանը: Գոյատևման խնդրի առջև կանգնած հայ մարդուց կերտվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով իր սեփական հողի վրա այսուհետ ապրելու էր երկրի տիրոջ լիարժեք իրավունքով:
Խոնարհվելով հայի միասնական կամքի, հերոսական պայքարի ու արյան գնով ստեղծված մեր պետության, մեր եռագույնի, այսօր սահմանին կանգնած հայրենիքի պաշտպանի առջև՝ նոր Հայաստանի քաղաքացին պարտավոր է շենացնել իր հողն ու ջուրը, ստեղծել հերոսների սխրանքին, մանկան պարզ ու մաքուր ժպիտին արժանի երկիր:
Կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, կեցցե՛ հայ ժողովուրդը, որ ապրում և ապրելու է ազատ, անկախ ու երջանիկ Հայաստանում:
Տոնդ շնորհավո՛ր, Հայաստա՛ն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58