Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտն համայնքի միջնակարգ դպրոցի բակում կայացավ «Զինվորի տոն» միջոցառումը

22.05.2019

Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի միջնակարգ դպրոցի բակում կայացավ «Զինվորի տոն» միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, մարզային կառույցների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, հոգևորականներ և այլ հյուրեր:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով:
Արագածոտն համայնքից գալիք զորակոչին զինվորական ծառայության են մեկնելու 7 զորակոչիկներ: Վերջիններիս հանձնվել են օրհնված խաչեր, աղոթագրքեր և խորհրդանշական այլ նվերներ: Մատուցվել է օրհնության կարգ:
Ներկաներին ողջունել, ապագա զինվորներին խաղաղ ծառայություն է մաղթել մարզպետ Դավիթ Գևորգյանը և ասել է.
«Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթական տոների առթիվ: Այսօրվա խորհուրդը զինվորն է: Մենք բազում հարցերի շուրջ տարբեր դիրքորոշումներ և մոտեցումներ կարող ենք ունենալ, բայց մեր պատմությունը ցույց է տվել, որ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում դառնում ենք մեկ բռունցք, դառնում ենք միասնական և թշնամուն իր տեղը ցույց ենք տալիս: Մեր եռագույնի առջև բոլոր կուսակցական դրոշները խոնարհվում են: Մենք մեր զինվորին բանակ ենք ճանապարհում երգ ու պարով, մեր մարտիկները կռվի երգ ու պարով են գնացել: Շատ ազգեր դա տեսել ու զարմացել են, բայց մեզ համար զարմանալի չէ, որովհետև մենք կռվել ենք խաղաղության համար, մենք ուրիշինը երբեք չենք զավթել, գողացել, տիրացել: Մենք խաղաղության ենք ձգտել, մերն ենք պահանջել: Թող տղաները կանաչ ճանապարհով գնան ու անփորձանք վերադառնան տուն: Մեր հայրենիքի սահմանները, բոլոր անկյունները շատ լավ գիտենք, բայց, եթե հանկարծ թշնամին նորից որոշի խաթարել մեր անդորրը, ձեռքը մեկնի մեր հողին, մենք կլինենք անզիջում, անկասկած, ավարտին կհասցնենք մեր կիսատ թողած գործը՝ հետ կբերենք մեր կորցրածը: Խաղաղություն հայոց աշխարհին, անփորձանք ծառայություն հայ զինվորին, փա՛ռք հաղթանակած հայոց բանակին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Մեջքներդ՝ ձիգ, դուխներդ՝ տեղը»:
Ռազմահայրենասիրական երգերով ներկաներին ողջունել են սիրված երգիչ Ներսիկ Իսպիրյանը և այլ ճանաչված երգիչներ: Համերգային ծրագիրը շարունակվել է ասմունքի, ազգային երգ ու պարի կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34