Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հնաբերդի միջնակարգ դպրոցը կկրի գրող, հրապարակախոս Երվանդ Պետրոսյանի անունը

17.05.2019

Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի միջնակարգ դպրոցն այսուհետ կկրի գրող, հրապարակախոս Երվանդ Պետրոսյանի անունը:
Դպրոցի անվանակոչմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, բանաստեղծի գրչակից ընկերները, ազգականները, համագյուղացիները, ՀՀ գրողների միության անդամներ և այլ հյուրեր:
Միջոցառման մեկնարկը տրվեց անվանատախտակի բացման արարողությամբ: Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Երվանդ Պետրոսյանի հիշատակին նվիրված ցերեկույթ:
-Դպրոցն անվանակոչելով վաստակաշատ գրող, հրապարակախոս Երվանդ Պետրոսյանի անվամբ՝ մենք ևս մեկ անգամ մեր վերաբերմունքն ենք արտահայտում մեր ազգի մեծերի, մշակույթի, կրթության հանդեպ: Ես ցանկանում եմ, որ այնքան շնորհալի մարդիկ կրթվեն ու մեծանան այստեղ, որ տարիներ անց մտածենք, թե աշակերտներից ում անունով պետք է անվանակոչենք Հնաբերդի փողոցներն ու մյուս կառույցները: Այնպես է ստացվել, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ժամանակ առ ժամանակ իր ձեռքն է վերցրել գրիչը, զենքը, բահը ու այս երեք իրերը երբևիցե մեր ձեռքից վայր չենք դնելու: Մենք արյունով մեր հողը պահել և պահում ենք մեր հող ու ջրի վրա ստեղծագործելու, արժեք ստեղծելու համար: Ես ցանկանում եմ, որ Երվանդ Պետրոսյանի նման մեծ գործեր արած, անուն թողած մարդիկ շատ լինեն, և աշակերտներն այս ամենը տեսնելով՝ որոշեն, թե ինչի են ուզում հասնել իրենց կյանքում,-ասաց մարզպետը և հավելեց, որ իր լիազորությունների շրջանակներում կանի ամեն բան, որպեսզի Հնաբերդն ունենա բարեկարգ դպրոց:
Բանաստեղծի գրչակից ընկերներն ու մերձավորները ներկայացրեցին Երվանդի կյանքից ու անցած ճանապարհից հետաքրքիր պատմություններ, կիսվեցին իրենց հուշերով: Դպրոցի աշակերտները հանդես եկան գրողի հեղինակած ստեղծագործությունների ասմունքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35