Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է Լուսագյուղ բնակավայրի զարգացման վերաբերյալ ծրագիրը

02.05.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանի և ճարտարապետների խմբի հետ քննարկել է Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ բնակավայրի զարգացման վերաբերյալ հիմնադրամի կողմից մշակված ծրագիրը:
Ներկայացված ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել Լուսագյուղի մաստեր պլանը, որն իր մեջ ներառելու է գյուղի ամբողջական ճարտարապետական և տնտեսական կոնցեպտը:
Համաձայն մշակված ծրագրի՝ տնային տնտեսությունները միմյանցից տարանջատող ցանկապատերը փոխարինվելու են բարձր որակական հատկանիշներով, դիզայներական նոր ու հետաքրքիր լուծումներով պատրաստված ցանկապատերով, վերանորոգվելու են տանիքները:
Կատարվելու է Լուսագյուղի տարածքում տեղակայված տների տեղազննություն, որի արդյունքում առավել անմխիթար վիճակում գտնվող տների փոխարեն՝ նույն հողատարածքի վրա կկառուցվեն նոր տներ, հիմնական տեսքի բաղկացուցիչ մաս հանդիսացող տների ճակատային հատվածներին կտրվեն շրջակա միջավայրին ներդաշնակ դիզայներական լուծումներ:
Նախատեսվում է բարեկարգել գյուղի ճանապարհները, լուսավորության ցանցը, կառուցել ջրահեռացման, կոյուղատար և ոռոգման համակարգեր:
Նախատեսում է Լուսագյուղի բնակիչների տներում անհատույց տեղադրել արևային_էներգիայի համակարգեր: Արդյունքում՝ էականորեն կնվազի գյուղի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ գոյացող էլեկտրաէներգիան կլինի էկոլոգիապես մաքուր:
Գյուղատնտեսության զարգացումը խթանելու համար նախատեսվում է ներմուծել գյուղատնտեսական տեխնիկա և այն անհատույց օգտագործման պայմանով տրամադրել գյուղի բնակիչներին:
Տեղական և համաշխարհային լավագույն փորձի հիման վրա կառուցվելու է գյուղատնտեսական մթերքի և ժողովրդական արհեստների արհեստանոց-տոնավաճառ, որը հնարավորություն կտա իրացնելու գյուղատնտեսական բարիքների, կաթի, կաթնամթերքի և մսամթերքի ստացման, աճեցման և վերամշակման ներուժը:
Կառուցվելու և անհատույց սեփականության իրավունքով համայնքին է տրամադրվելու խաղահրապարակ, սպորտային հրապարակ, լողավազան, բազմաֆունկցիոնալ մշակույթի տուն: Մշակույթի տան տարածքում կգործեն նորագույն տեխնիկայով հագեցած կինոթատրոն, պատկերասրահ, երեխաների զարգացմանն ուղղված մի շարք խմբակներ և այլն:
Վերանորոգվելու և անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցվելու են Լուսագյուղի դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, ոստիկանակետը, փոստը:
Լուսագյուղի տարածքում նախատեսվում է կառուցել նաև ճոպանուղի, որը տեղի բնակիչներին և հյուրերին կհասցնի գյուղի վերին հատվածում տեղակայված պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Թուխ_Մանուկ վանք: Վանքի տարածքի մոտակայքում կառուցվելու է բացօթյա ամֆիթատրոն՝ եկեղեցական ծեսերի, մշակութային և տոնական միջոցառումների անցկացման համար: Ձմռան ժամանակահատվածում ամֆիթատրոնը կվերածվի սահադաշտի:
Ճոպանուղու շահագործումից գոյացած դրամական միջոցները ամբողջովին ուղղվելու են համայնքի զարգացման ծրագրին:
Ծրագիրը իրականացվելու է 2019-2024թթ՝ փուլերով, որի բյուջեն կկազմի շուրջ 4,124,340,000 դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24