Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է «Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Հրաչյա Պողոսյանին

02.05.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է «Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի» նախագահ, գործարար Հրաչյա Պողոսյանին
Հանդիպման սկզբում մարզպետ Գևորգյանը ողջունել է նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ներդրումներ կատարելու կոչին առաջինն արձագանքելու գործարարի նախաձեռնությունը, Արագածոտնում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու հետաքրքրվածությունը:
Հրաչյա Պողոսյանը ներկայացրել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում իր ծավալած գործունեությունը, բարեգործական ծրագրերը և ներդրումային առաջարկները: Նա նշել է, որ ցանկանում է ընդլայնել Ագարակում արդեն իսկ գործող կարի արտադրամասի ծավալները, միաժամանակ հետաքրքրված է մարզում նոր ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ։
Պողոսյանը նշել է, որ ցանկանում է օգտագործել Ագարակ համայնքի ջրի հարուստ պաշարները և հիմնել ջրի արտադրության գործարան: Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են, կատարվել է հորատում, վերցված փորձանմուշների նախնական եզրակացության համաձայն՝ ջուրը խմելու համար պիտանի է ճանաչվել: Առաջիկա շաբաթվա ընթացքում կստացվի ջրի լաբորատոր կառուցվածքի վերաբերյալ համալիր փորձաքննության արդյունքները, որից հետո կանցնեն փաստաթղթավորման և արտադրության կազմակերպման բուն աշխատանքներին:
Արդյունքում՝ Ագարակ համայնքին տնտեսական ակտիվություն կհաղորդվի, համայնքում նոր աշխատատեղեր կստեղծվեն:
Քննարկվել են նաև ռուսական ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու ծրագրի իրականացման համար հայկական կողմից գործընկեր ներգրավելու վերաբերյալ հարցեր: Պողոսյանն իր հետաքրքրվածությունն է հայտնել առաջարկի վերաբերյալ, նշել է, որ ծրագրի փաթեթն ուսումնասիրելուց և իր կողմից դրական գնահատվելու դեպքում ինքը ևս կաջակցի դրա իրականացմանը:
Օրակարգում են եղել մարզում բրդի վերամշակման արտադրամաս հիմնելու, թողարկված արտադրանքը իրացնելու և զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր:
Մարզպետը ներկայացրել է ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությունը, նշել է, որ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետ ապահովումը իր համար առանցքային նշանակություն ունի, և որպես Արագածոտնի մարզպետ պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում ամեն կերպ աջակցել ներդրումային ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24