Նորություններ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են առաջիկա ծրագրերը
11.04.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Կարեն Հակոբյանին:
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են հիմնադրամի առաքելությունը և Արագածոտնի մարզում նախատեսվող ծրագրային ուղղությունները:
Քննարկվել է մարզի հանրակրթական դպրոցները արևային մարտկոցներով զինելու հարցը: Մարզպետը նշել է, որ կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ Արագածոտնի մարզը, հատկապես Թալինի տարածաշրջանը, բավականին բարենպաստ տարածք է արևային էներգիայի կայանների տեղադրման համար:
Կողմերն հայտնեցին իրենց համոզմունքն առ այն, որ ծրագրի ներդրումը լուծում է դպրոցների կայուն էներգամատակարարման խնդիրը, միաժամանակ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման լուրջ գործիք է:
Խոսվեց շենքային անբարեկարգ պայմաններ, տեխնիկական սարքավորումների, գույքի անհրաժեշտություն ունեցող դպրոցների մասին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն գույքագրել դպրոցների կարիքները և ամբողջական փաթեթը տրամադրել հիմնադրամին՝ ըստ առաջնահերթության ծրագրերում ներառելու և դրանց լուծման համար անհրաժեշտ ֆինանսավորում գտնելու նպատակով:
Անդրադարձ կատարվեց մշակույթի տների դերի և նշանակության վերականգնման, համայնքներում մարզադպրոցների կամ մարզական խմբակների անհրաժեշտությանը:
Մարզպետը նշեց, որ համայնքում զբաղվածություն ապահովելու միջոցով հնարավոր կլինի երեխաներին կտրել փողոցից, զերծ պահել վատ միջավայրից և վարքի ոչ իրավաչափ դրսևորումներից:
Մարզպետը կարևորել է նաև ճամբարների ավանդույթի վերականգնումը: Նա ասել է, որ իր առջև նպատակ է դրել ավելի սերտ եզրեր գտնել Ապարանի, Աշտարակի, Արագածի և Թալինի տարածաշրջանների իրար հետ շփվելու, համատեղ տարբեր միջոցառումներ անելու համար։
Հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց ռազմավարության մեջ ներառված են մարզական, մշակութային միջավայրի ձևավորմանն օժանդակելու վերաբերյալ ծրագրեր:
Հնչել է առաջարկ զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհների բարեկարգումն ու ոճային հարդարումը հիմնադրամի ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ:
Անդրադառնալով Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի և հայ համայնքի աջակցությամբ «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվելիք վերանորոգման և վերազինման աշխատանքներին՝ Կարեն Հակոբյանը ծրագրին իրենց ամերիկյան գործընկերների աջակցությունն է առաջարկել:
Հանդիպման ավարտին մարզպետը հույս է հայտնել, որ հետագա համագործակցության և ծրագրերը համատեղ ուժերով իրականացնելու շնորհիվ առավելագույն արդյունքներ կգրանցվեն: