Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի 2019 թվականի առաջին նիստը,

08.04.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ մարզխորհրդի 2019 թվականի առաջին նիստը, որը վարեց ՀՀ Արագածոտնի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Դավիթ Գևորգյանը։
Մարզխորհրդի նիստին հրավիրվել և մասնակցում էին նաև ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը, մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ պետ Էդգար Գալստյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, անդրադարձ կատարվեց հանրային կարևորություն ունեցող մի շարք խնդիրների:
Մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը ներկայացրեց վերջին շրջանում բնակարանային գողության դեպքերի աճի դինամիկան և դրա դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարվող պայքարի միջոցառումները: Սեփականության անձեռնմխելիության խախտման և բնակարանային գողության դեպքերի կանխարգելման նպատակով նախատեսվում է բազմաբնակարան շենքերի մուտքերին տեղադրել փականներ: Բացի այդ, նախատեսվում է ճանապարհներին տեղադրել տեսախցիկներ՝ տեղանքում շարժը վերահսկելու և կատարված դեպքերի բացահայտման նպատակով: Գործընթացը լիարժեք կազմակերպելու համար մարզպետն առաջարկել է համայնքի ղեկավարներին ապահովել համայնք-ոստիկանություն համագործակցությունը և մինչև ապրիլի 20-ը ներկայացնել տեղեկատվություն տեսախցիկների անհրաժեշտ քանակի և տեղադրման վայրերի վերաբերյալ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ պետ Էդգար Գալստյանը ներկայացրեց համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների կազմավորման անհրաժեշտության հարցը: Կամավորական ՀՓՋ-ների ձևավորումը կնպաստի գրանցված հրդեհների կամ այլ դեպքերի արագ արձագանքմանը:
Մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը զեկուցեց պաշտպանության բնագավառի հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը համայնքների ղեկավարներին հորդորեց խիստ հետևողական լինել երկրի պաշտպանությանն առնչվող ցանկացած հանձնարարականի լիարժեք կատարմանը և իրենց լիազորությունների սահմաններում աջակցել զորահավաքային միջոցառումների իրականացմանը:
Վերոնշյալ հարցերի քննարկումից հետո խորհուրդն անդրադարձավ օրակարգային հինգ հիմնական հարցի:
Արագածոտնի մարզում 2019 թվականի առաջին եռամսյակի համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների հարցի շուրջ զեկուցումով հանդես եկավ մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը: 2019 թվականի ծրագրով նախատեսված է սեփական եկամուտների 1 մլրդ 509 մլն դրամի հավաքագրում, որը նախորդ տարվա պլանավորվածից ավել է 71 մլն-ով /5%/ :
2019թ. առաջին եռամսյակում սեփական եկամուտները կազմել են 269մլն 762 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 42 մլն դրամով կամ 2 %-ով:
Բոլոր հարկատեսակների մասով հավաքագրման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: Հավաքագրման ցուցանիշի 1.3% նվազում է գրանցվել միայն հողի հարկի գծով, որը նախատեսվում է լրացնել հաջորդ եռամսյակում:
Ներկայացվել են սեփական եկամուտների հավաքագրման պլանային ցուցանիշից էական բացասական և դրական շեղում ունեցող համայնքները:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարի հնարավորություններից վեր գտնվող խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության կողմից տարվում են հետևողական աշխատանքներ: Եկամուտների հավաքագրմանը խոչընդոտող խնդիրները գույքագրվել են և ներկայացվել են համապատասխան մարմիններին՝ իրավիճակային կոնկրետ լուծումներ սահմանելու նպատակով: Աշխատանքներն անխափան իրականացնելու համար անհրաժեշտ է համայնքի ղեկավարից պահանջվող տեղեկատվությունը ներկայացնել սահմանված ժամկետում` ձևաչափին համապատասխան և ճշգրիտ:
Մարտի 23-ին տեղի ունեցած համապետական շաբաթօրյակի արդյունքներն ամփոփեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը:
Կարևորելով սանիտարական մաքրության դերը` մարզպետ Դավիթ Գևորգյանը առանձնացրել է շաբաթօրյակին առավել ակտիվ մասնակցություն ունեցած համայնքները: Նա նաև նշել է, որ շաբաթօրյակների կազմակերպումը պետք է կրի շարունակական բնույթ և անհրաժեշտ է ձևավորել համայնքի բնակչի կողմից իր իսկ բնակավայրը մաքուր պահելու մշակույթը: Հաճախ ներդրողներն ու զբոսաշրջիկները, առերեսվելով համայնքներում կուտակված աղբակույտերին, հրաժարվում են դիտարկել մարզը որպես զբոսաշրջային և ներդրումային բարենպաստ միջավայր: Մարզպետը շեշտել է, որ անհրաժեշտ է կազմակերպել ճամփեզրերին կուտակված մեքենաների մետաղական մնացորդների տեղափոխումը:
Քննարկվել է 2019 թվականի Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման հայտերի ընթացքը: Տեղեկացվել է, որ ներկայացված 64 ծրագրային հայտերից 41-ում հայտնաբերվել են փաստաթղթային թերություններ: Մարզպետը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է համագործակցված աշխատանքներ տանել համայնքների հետ, կազմել փաստաթղթերի ճշգրտված փաթեթները և սահմանված կարգով ներկայացնել քննարկման:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը անդրադարձել է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի կազմակերպմանը: Նա համայնքների ղեկավարներին առաջարկել է մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկել համայնքում առկա ներուժը համաժողովին ներկայանալի դարձնելու վերաբերյալ իրենց գաղափարները:
Հաշվի առնելով, որ համաժողովին մասնակցելու են ինչպես Հայաստանում և արտերկրում գործունեություն իրականացնող ծագումով հայ գործարարներ, այնպես էլ օտարերկրացի ներդրողներ, ուստի առկա պոտենցիալը ճիշտ ներկայացնելու դեպքում համայնք ներդրումներ ուղղորդելու համար ստեղծված է իրական հնարավորություն:
Մարզպետը խոսել է ապրիլի 27-ը Քաղաքացու օր հռչակելու ՀՀ կառավարության որոշման մասին:
Տոնն այս տարի նշվում է առաջին անգամ: Տոնական միջոցառումները չեն կենտրոնացվելու մայրաքաղաքում: Նախատեսված ֆինանսական միջոցները ուղղվելու են մարզերում միջոցառումների կազմակերպմանը: Արագածոտնի մարզում գլխավոր միջոցառումը կկայանա մարզկենտրոն Աշտարակում, որին կմասնակցեն մարզի բոլոր տարածաշրջանների բնակիչները:
Մարզպետը համայնքի ղեկավարներին առաջարկել է ապահովել միջոցառման հրապարակայնությունը և դրա մասին ակտիվորեն իրազեկել բնակիչներին:
Միջոցառան շրջանակներում այդ օրը կիրականացվի ծառատունկ:
Հնչեցին հայտարարություններ գյուղատնտեսական օրախնդիր հարցերի, հողերի տրամադրման գործընթացի վերաբերյալ:
Մարզպետը խոսել է հողերի օտարման գործընթացի, աճուրդների հրապարակայնության ապահովման և ապօրինի շինարարության դեմ տարվող պայքարի մասին: Այս հարցերի շուրջ նա ասել է. «Անհրաժեշտ է բացառել կադաստրային արժեքից ցածր գնով հողերի աճուրդ կազմակերպելու պրակտիկան: Աճուրդների մասին լայն իրազեկում և հնարավորինս շատ մասնակիցների ներգրավելու նպատակով անհրաժեշտ է հայտարարություններն ուղարկել մարզպետարան՝ մարզպետարանի կայքով և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերով տարածելու նպատակով: Իսկ ապօրինի շինարարության նկատմամբ լինելու եմ անզիջում: Անհրաժեշտ է հրաժարվել այն արատավոր պրակտիկայից, երբ շինությունը արդեն իսկ կառուցվելուց հետո է միայն բերվում օրինական դաշտ: Քանդման գործընթացներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևողական լինել կառուցապատողի կողմից շինարարական թույլտվություն և օրինական այլ հիմքեր ապահովելու համար» :
Նիստի ավարտին հնչել է հարցուպատասխան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14