Նորություններ
Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում բացվեց համակարգչային դասասենյակ
03.04.2019
Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կահավորվել և համակարգիչներով է համալրվել համակարգչային դասասենյակը:
Այսօր կայացած բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Կարեն Հակոբյանը և այլ հյուրեր:
Վերանորոգվել, գույքով և 17 համակարգիչներով է վերազինվել դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակը: Այսուհետ աշակերտները հնարավորություն կունենան ինֆորմատիկա առարկան ուսումնասիրել առավել խորությամբ:
Համակարգչային դասարան այցելելուց հետո մարզպետը շրջել է դպրոցում, դրան կից նախակրթարանում և ծանոթացել կրթօջախի գործունեությանն ու պայմաններին:
Հիշեցնենք, որ Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցը ընդգրկված է սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման առաջնահերթ անհրաժեշտություն ունեցող դպրոցների ցանկում:
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում Սասունիկ համայնքում կկառուցվի նոր դպրոց, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կունանա սեյսմակայունության բարձր աստիճան:
Ուսումնական հաստատությունը կլինի ներքին հարմարություններով հագեցած, հաշմանդամություն ունեցող երեխաների համար թեքահարթակների և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների առկայությամբ, համալրված ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով:
ՀՀ կառավարության կողմից հաստատված «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված 46 դպրոցների ցանկում Արագածոտնի մարզից ներառված է 3 դպրոց: Դպրոցաշինության այս ծրագրի իրականացման արդյունքում Օհանավան և Շենավան համայնքներում ևս նոր դպրոցներ կկառուցվեն: