Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է «Արմենիա Վայն» գինու և կոնյակի գործարան

01.04.2019

Մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Արմենիա Վայն» գինու և կոնյակի գործարան:
Մարզպետը շրջայց է կատարել գործարանում և հարակից տարածքում, ծանոթացել ներդրումային ծրագրին, իրականացվող աշխատանքներին ու արտադրական գործընթացին:
Գործարանն այժմ ունի շուրջ 270 աշխատող, հանդիսանում է հանրապետությունում խաղողի գինեմետ տեսակների մթերման ծավալներով առաջատար ձեռնարկությունը: Խաղողագործությամբ զբաղվող տնտեսություններից պայմանագրային հիմունքներով յուրաքանչյուր տարի մթերում է շուրջ 10.000 տոննա խաղող: Շշալցման հզորությունը կազմում է ժամում 6000 շիշ: Սեփական լաբորատորիայի առկայությունը թույլ է տալիս ապահովել որակի վերահսկում արտադրական ողջ գործընթացում: Գինիները հնեցման են ենթարկվում մառանում պահվող հայկական և ֆրանսիական կաղնե տակառներում: Արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել միջազգային շուկայում բարձր պահանջարկ ունեցող գինիներ, կոնյակ և արտադրանքը արտահանել 24 երկիր:
Ընթացիկ տարում ընկերության կողմից արտադրված կոնյակն արդեն հասանելի կլինի տեղական շուկայում:
«Արմենիա Վայն» ընկերությունը արտադրում է նաև պորտո վայն, որի համտեսն այժմ իրականացվում է միայն գործարանի մառանում: Մշակման փուլում է գտնվում պորտվեյնի՝ աշնանը վաճառքի շուկա հանելու գործընթացը:
Ընթանում է տարածքում գործող «Նազանի» ռեստորանի տարածքների ընդլայնման շինարարական աշխատանքները: Ռեստորանի վերաբացումը կկայանա մայիս ամսին:
Նոր ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել հանդիսությունների և կոնֆերանսների դահլիճ՝ 300 անձ հյուրընկալելու հնարավորությամբ:
Հաջորդ փուլով կառուցվելու է ռեստորան բաց երկնքի տակ: Եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում այցելուները հնարավորություն կունենան իրենց միջոցառումները կազմակերպել յուրահատուկ միջավայրում:
Գործարանի տարածքում կառուցվելու է ներքին բակ, որտեղ տեղակայվելու են էկո տնակներ՝ «Տակառագործի տուն», «Դարբնի տուն» և այլ բովանդակության տաղավարներ: Այստեղ այցելուն հնարավորություն կունենա անցկացնել իր ժամանցը, միաժամանակ ծանոթանալ և մասնակից դառնալ տնակում կատարվող աշխատանքներին, մասնավորապես, միջամտել խաղողի տրորմանը և այլն:
Առանձնացվելու է տարածք վրանային հանգստի սիրահարների համար, որտեղ այցելուները հնարավորություն կունենան տեղադրել իրենց վրանները և հանգիստ վայելել հաճելի պայմաններում:
Գործարանին կից 6.5 մետր գետնափոր տարածքում հիմնվելու է ժայռափոր սրահներով գինու ծագման և պատմության թանգարան: Այստեղ ցուցադրված իրերը և էքսկուրսիոն տուրերը կպատմեն գինու ստեղծման, անցած ուղու և պատրաստման եղանակների մասին:
Սեփական սպառման համար գործարանի հարևանությամբ ընկերությունը նախատեսում է հիմնել էկոլոգիապես մաքուր՝ առանց քիմիական և այլ հավելումներ պարունակող խաղողի այգիներ: Տնկման աշխատանքները մեկնարկելու են մայիս ամսին, որին նախատեսվում է ներգրավել նաև հանրությանը: 2019 թվականին հիմնվելու է 20 հա խաղողի այգի՝ տարեցտարի ընդլայնման և մինչև 100 հա հասցնելու միտումով:
Ծրագրում ներառված է նաև տարածքում եկեղեցու կառուցում:
Հինգ միլիոն դոլար ծավալի ներդրումային ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Սասունիկ համայնքում ստեղծել նոր աշխատատեղեր:
Նախորդ տարի գործարանը հյուրընկալել է 5000 զբոսաշրջիկ, ծրագրի արդյունքում ակնկալվում է Արագածոտնի մարզում էականորեն ավելացնել զբսաշրջային հոսքը, ինչը կնպաստի գինու տուրիզմի մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:
«Արմենիա Վայն» ընկերության հիմնած համալիրը կդառնա Հայաստանի գինու տուրիզմի այցեքարտերից մեկը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35