Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանը հյուրընկալել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ծրագրերի գնահատող պատվիրակության ղեկավար Անկա Դերիքսին

27.03.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) ծրագրերի գնահատող պատվիրակության/առաքելության ղեկավար Անկա Դերիքսին:
Հանդիպման սկզբում կողմերը զրուցել են Արագածոտնի մարզում իրականացված աշխատանքների մասին, ապա անդրադարձել են ծրագրի ընթացքում գնահատող պատվիրակության խնդիրներին:
Կարևորելով ՏԻՄ-երի դերը տնտեսական զարգացման գործում՝ Անկա Դերիքսը տեղեկացրել է 2020-2023թթ իրականացվելիք նոր նախաձեռնության պլանավորման և նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին:
Քննարկվել են տարածքային զարգացման, վարչատարածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման գրասենյակների կարևորության, համայնքային կառավարման, կառավարություն-համայնք համագործակցության, մարզպետարանների կողմից իրականացվող վերահսկողական լիազորությունների և այլ բնույթի հարցեր:
Պատասխանելով կառավարության կողմից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ հարցադրմանը՝ մարզպետն ասել է. «Համայնքների կարողությունների զարգացման տեսանկյունից առաջին ծրագիրը համայնքների խոշորացման գործընթացի ճիշտ կազմակերպումն է: Ակնհայտ է, որ միավորված համայնքներն առավել մեծ կարողություններ և պետական ծրագրերին մասնակցելու ավելի շատ հնարավորություններ են ունենում: Համայնքների միավորման գործընթացը շարունակվելու է հետևյալ տրամաբանությամբ. իրականացվելու են բովանդակային հանրային քննարկումներ, առանձնացվելու են համայնքների խնդիրները, կատարվելու են հարցումներ՝ պարզելու բնակիչների դիրքորոշումը խորոշացման վերաբերյալ: Դրանից հետո առաջացած բոլոր հարցերին հիմնավոր պատասխաններ են տրվելու: Փորձը ցույց է տալիս, որ այս քայլերից հետո խոշորացման դեմ բնակիչները փաստարկներ չեն ունենում, քանի որ իրենք իսկ գալիս են այն եզրահանգման, որ հավաքագրված խնդիրների լուծման համար պահանջվող ժամանակահատվածը, առանձին համայնք հանդես գալու դեպքում, անհամեմատ երկար է, իսկ հնարավորությունները՝ առավել սուղ: Սրա հետ մեկտեղ ներկայացնելով խոշորացված համայնքների հաջողված փորձը, խնդիրների լուծման տեմպերը՝ միավորման գործընթացի վերաբերյալ ձևավորվում է իրական դրական դիրքորոշում»:
Անդրադարձ է կատարվել պետական կառավարման համակարգի նոր մոդելին՝ դրանից բխող մարզպետարանների կառուցվածքային փոփոխություններին, լիազորություններին և նախատեսվող գործառույթներին:
Անկա Դերիքսը նշել է, որ ապակենտրոնացման գործընթացի կարևորագույն փուլում իրենց առաքելությունն է աջակցել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին, նպաստել տնտեսական զարգացմանն ուղղված գործունեությանը և օգտակար լինել համայնքներին լիազորությունների իրականացման ընթացքում առավել որակյալ ծառայություններ մատուցելու հարցում:
Մարզպետը կարևորել է համայնքների հնգամյա զարգացման իրատեսական ծրագրերի կազմումը և դրանց նպատակային իրականացումը:
-Մենք պետք է հասնենք նրան, որ համայնքի ղեկավարներն հստակ գիտակցեն, թե իրենց համայնքը որ ուղղությամբ կարող է զարգանալ և պատկերացնեն զարգացման քայլերի հաջորդականությունը: Բացի այդ, բնակիչներն էլ իրենց հերթին պետք է գիտակցեն, որ համայնքի զարգացման առաջին պատասխանատուն իրենց իսկ կողմից ընտրված համայնքի ղեկավարն է, և պետք է դրսևորեն հետևողական վերաբերմունք՝ ՏԻՄ-երից պահանջելով համայնքի առջև հաշվետվողականություն,-ասել է մարզպետը:
Անդրադառնալով կառավարման օղակում մարզպետարանի դերակատարման վերաբերյալ հարցին՝ մարզպետը նշել է. « Մենք հանդիսանում ենք կապող օղակ կառավարության և համայնքի միջև: Չխախտելով ՏԻՄ-երի ինքնուրույնության սկբունքը՝ մարզպետարանն իրականացնում է կայացված որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողական գործառույթ: Հանդիսանալով կառավարության տարածքային քաղաքականության իրականացնողը՝ մեր լիազորությունների շրջանակներում մասնակցում ենք խնդիրների բացահայտմանը և դրանց լուծման համար առաջարկվող ծրագրերի նպատակայնության վերաբերյալ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը»:
Խոսվել է նաև տեղեկատվության հավաքագրման էլեկտրոնային հարթակի ներդրման մասին, որտեղ կարտացոլվի համայնքի ճշգրիտ պատկերը՝ հողային ֆոնդից մինչև անասնագլխաքանակի հաշվառում, սոցիալ- տնտեսական պատկերից մինչև տարատեսակ խնդիրներ:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել սերտ համագործակցության պայմանավորվածություն՝ ծրագրերը համատեղ ջանքերով և առավել մեծ արդյունավետությամբ իրականացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36