Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է «Ոսկեվազի Գինու Գործարան»

10.03.2019

Մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գործող «Ոսկեվազի Գինու Գործարան» և ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:
Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Գինու պատրաստման գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը պահպանել է միջնադարյան ժամանակաշրջանին բնորոշ տարրերը: Նորագույն մեթոդներով թողարկվող արտադրանքի կողքին շարունակվում են օգտագործվել դեռևս 19-րդ դարավերջին ստեղծված հին ավանդական կարասները:
Տեսականին ընդգրկում է դասական, մրգային, հնացրած և լիկյորային շուրջ 16 անուն գինիներ, որոնց արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են կաղնուց պատրաստած տակառները:
Շրջայց կատարելով մասնաշենքերով՝ գործարանի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը մարզպետին է ներկայացրել գործարանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները:
Նախատեսվում է աշխատանքների մի մասն ավարտել մինչև աշուն: Նախագծի համաձայն՝ տարածքը դառնալու է ինքնատիպ, մշակութային զբոսաշրջային համալիր, որտեղ այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ գինեգործության ավանդույթներին, 19-րդ դարում կառուցված ստորգետնյա պահեստարանում ցուցադրվող գինու հավաքածուներին, Հայաստանի մասին օտար աղբյուրներում առաջին հիշատակություններին, միաժամանակ նրանք հնարավորություն կունենան մասնակցելու գինու համտեսին և կատարել գնումներ:
Գործարանի արտադրանքը այժմ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և իրացվում է տեղական շուկայում, սակայն առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել արտահանման ծավալները և արտադրանքն իրացնել շուրջ 15 երկրներում:
Ոսկեվազի գինիները ցուցադրվելով միջազգային էքպոներում՝ արժանացել են բազմաթիվ մրցանակների:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել է, որ ծրագրի իրականացումը նպաստելու է ոչ միայն Արագածոտնի մարզում գինու տուրիզմի զարգացմանը, այլև նպաստելու է համայնքի ճանաչելիության բարձրացմանը և տնտեսական ակտիվություն է հաղորդելու Ոսկեվազ համայնքին: Նա նաև ընդգծել է, որ գյուղական համայնքում աշխատատեղերի ստեղծումը և խաղողի մթերումը դրական կանդրադառնան բնակիչների կենսամակարդակի վրա:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ենթակառուցվածքների ապահովումը կառավարության մասնակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ընդգրկելու հարցը քննարկելու և հետագա համագործակցության վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34