Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքում հերոսներին չեն մոռանում

06.03.2019

Այսօր Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հարազատ գյուղում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, հերոսների ծնողները, հարազատները, մարտական ընկերները, համագյուղացիները:
Մասնակիցները գյուղի կենտրոնից քայլերթով շարժվեցին դեպի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, ազատամարտիկներ Սամվել Կարապետյանի և Արթուր Բաղդասարյանի շիրիմներին:
Օրը խորհրդանշական էր՝ 1993 թվականի մարտի 6-ին Սամվելն ու Արթուրը, իրենց կյանքը զոհելով հանուն հայրենիքի, անմահացան: Ամեն տարի այս օրը գյուղում հիշատակի արարողություն է կազմակերպվում:
Հուշահամալիրի բակում Երկրապահ կամավորականների միության պատանի երկրապահների կողմից ներկայացվեց զորահանդես, հնչեցին ազատամարտի հերոսներին, հայրենիքին նվիրված ստեղծագործություններ: Ներկայացվեցին Թաթուլի, Սամվելի և Արթուրի հերոսական ուղու և կյանքի մասին պատմող դրվագներ:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը խոնարհվելով հերոսների շիրիմների առջև՝ նշել է. «Զոհաբերած կյանքը պարտավորեցնում է ամեն օրն ապրել այնպես, որ արժանի լինենք հերոսների սխրանքներին: Ոչինչ չի կարող լրացնել մարդկային կորուստը, բայց երբ հերոս պապի թոռը ազատ և անկախ հայրենիքի մասին իր իսկ գրած տողերն է արտասանում, ուրեմն զոհողությունն արժեր: Ազնիվ աշխատանքով մենք պետք է ամրացնենք մեր երկրի սահմանները և ես վստահ եմ, որ ունենալու ենք մեր հերոսների երազած երկիրը»:
Այնուհետև մարզպետն այցելեց Սամվել Կարապետյանի հայրական տուն, զրուցեց հերոսի ծնողների՝ Ռոմիկ և Մարգարիտա Կարապետյանների հետ, ապա հանդիպեց Արթուրի մորը՝ Հայաստան Բաղդասարյանին և հայտնեց իր երախտիքի խոսքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 10:10:31