Նորություններ
Արագածոտն համայնքի մուտքի մոտ տեղադրվել է խաչ
04.03.2019
ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի մուտքի մոտ բնակիչների նախաձեռնությամբ տեղադրվել է խաչ, որի բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և ընդգծեց, որ ուրախ է Արագածոտն համայնքի բնակիչների հետ միասին ներկա գտնվել նման կարևոր իրադարձությանը:
- Հայ ժողովուրդն աշխարհին հպարտությամբ է ներկայանում որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին պետություն: Իր ազգային արժեքներն ու արմատներն ուրացող ազգերը վերանում են: Մեր կողքով էլ են անցել և կանցնեն օտար քամիներ, բայց պատմության դասերը մենք լավ ենք սերտել, եղել ենք ազգային արժեքներին ու արմատներին հավատարիմ և այդպես էլ պետք է մնանք: Աստված պահապան բոլորիս,- ասաց մարզպետը:
Միջոցառման ընթացքում բնակիչները մարզպետին դիմեցին «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի, մանկապարտեզի, ջրագծի կառուցման և համայնքին առնչվող այլ հարցերով:
Բնակիչների հետ անմիջական զրույցի ընթացքում բարձրացված հարցերին մարզպետ Դավիթ Գևորգյանը տվեց սպառիչ պատասխաններ: