Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվելու է ավելի քան 300.000 ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր

27.02.2019

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը քննարկել են «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվող բարեփոխումների ծրագիրը:
Ամերիկայում հայ համայնքի օժանդակությամբ «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվելու է ավելի քան 300.000 ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր:
Ծրագրի շրջանակներում վերանորոգվելու և վերազինվելու է Աշտարակի հիվանդանոցի վիրահատարանը և դրան կից հետվիրահատական վերակենդանացման սենյակը: Ամբողջությամբ նորոգվելու են վիրահատական բաժանմունքի հատակը, պատերը, տեղադրվելու են գերժամանակակից բժշկական սարքավորումներ, մահճակալներ և անհրաժեշտ այլ գույք: Վիրահատական բաժանմունքը համապատասխանելու է միջազգային չափանիշներին և հագեցած է լինելու բժշկական ծառայությունները բարձր որակով մատուցելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև աշուն:
Ծրագրի հաջորդ փուլով ամերիկյան կողմը «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին է տրամադրելու անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, գույք և դեղորայք:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ից ժամանած հայ և արտասահմանցի բարձր որակավորմամբ բժիշկները (ատամնաբույժ, ընդհանուր վիրաբույժ, գինեկոլոգ, անոթային վիրաբույժ, թերապևտ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջի և այլ մասնագետներ) Աշտարակի հիվանդանոցում անվճար վիրահատություններ կկատարեն:
Անվճար բուժօգնության ծրագրից կարող են օգտվել ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ մարզին հարակից համայնքների բնակիչները: Ծրագրում ընդգրկվելու պայմանների, ծառայությունների ծավալի, ժամանակացույցի, հերթագրումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ մարզի առաջնահերթ խնդիրը Աշտարակի հիվանդանոցը ստեղծված անմխիթար վիճակից դուրս բերելն է. «Աշտարակի հիվանդանոցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է՝ պետք է մեր համատեղ աշխատանքով ոտքի կանգնեցնենք բժշկական կենտրոնը: Սա է իմ մոտեցումը և ես, որպես մարզպետ, չունեմ այլ առաքելություն, քան մաս-մաս լուծել մարզի մանր ու մեծ խնդիրները: Վերջին երեք ամիսների ընթացքում հիվանդանոցում կատարված աշխատանքների արդյունքները նկատելի են, ինչի մասին փաստում է բնակիչների արձագանքը»:
Հյուպատոսը կարևորել է մարզային իշխանությունների պատրաստակամությունը և երաշխավորությունը ծրագրին աջակցելու հարցում: Նա նշել է, որ հետհեղափոխական Հայաստանում ձևավորված վստահության մթնոլորտը և դրան հաջորդած փոփոխությունները լուրջ խթան են հանդիսացել նշված ծրագրի մասշտաբների ընդլայնման համար:
Պերճ Աբգարյանը միաժամանակ ընդգծել է, որ այս ծրագիրը չի կարող իրագործվել առանց համագործակցության, և ինչպես թավշյա հեղափոխությունն է հիմք դրել Հայաստանում արվող փոփոխություններին, այնպես էլ ուրախ է տեսնել, որ մարզային իշխանություններն օժանդակում են մարզում ծրագրերի իրականացմանը:
Հիվանդանոցին ցուցաբերած աջակցության համար մարզպետը շնորհակալություն է հայտնել հյուպատոսին և Ամերիկայի հայ համայնքին, նշել է, որ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում գործադրել բոլոր հնարավոր միջոցներն ու ջանքերը Աշտարակի բժշկական կենտրոնի հիմնախնդրի արմատական լուծման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն համագործակցության ամրապնդման և զարգացման վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14